«Լրագիր» 26-5-2012- Հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակում հունիսի 4-ին ժամանելու է Հայաստան: Սա նրա երկրորդ այցն է Հայաստան պետքարտուղարի պաշտոնում. նախորդ անգամ նա ժամանել էր երկու տարի առաջ՝ 2010 թ. հուլիսի 4-ին: Քլինթոնի այցին նախորդեց ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը մարդու իրավունքների վերաբերյալ, որի Հայաստանի բաժնում բավական խիստ գնահատականներ կային Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Բացի այդ, Ղարաբաղի հարցի վերաբերյալ կար հետեւյալ ձեւակերպումը. «Էթնիկ հայ անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը և շրջապատող 7 ադրբեջանական տարածքները»: Մինչ այդ էլ, Քլինթոնը բավական կոշտ դիրքորոշում էր ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, թեեւ 2008-ին, երբ նա ԱՄՆ նախագահի թեկնածու էր, հայտարարել էր, թե ճանաչելու է Ցեղասպանությունը: Քլինթոնը Հայաստանի մասով բավական ակտիվ է եղել այս տարիների ընթացքում: Նրա պաշտոնավարման օրոք եւ ներկայությամբ Ցյուրիխում կնքվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Բացի այդ, Քլինթոնը նաեւ բազմիցս անդրադարձել է Հայաստանի ներքին կյանքին: Օրինակ, Երեւանի քաղաքապետի առաջին ընտրության նախօրեին նա նամակ էր հղել Սերժ Սարգսյանին, որում նշում էր, որ «Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ազատ և արդարացի անցկացումը հնարավորություն է նորովի դրսևորելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին»: Քլինթոնի 2010 թվականի այցը բավական հետաքրքիր էր հատկապես արտաքին խնդիրների առումով: Դա այն ժամանակահատվածն էր, երբ Ռուսաստանը փորձում էր ամեն գնով լուծել Ղարաբաղի հարցը, իսկ Հայաստանն էլ սառեցրել էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Քլինթոնը Երեւանում ողջունեց Հայաստանի իշխանության այդ քայլը, որը պատճառաբանվում էր Թուրքիայի կողմից նախապայմանների, մասնավորապես՝ Ղարաբաղի խնդրի լուծման, առաջադրումով: Քլինթոնը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ չէ արձանագրությունների վավերացմանը, փաստացի պաշտոնական Երեւանի վրայից հանելով պատասխանատվությունը եւ Թուրքիային էլ հասկացնելով, որ հայ-թուրքական հարցը Ղարաբաղի հարցի հետ կապելու ջանքը աջակցություն չունի ԱՄՆ-ում: Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա Քլինթոնը Հայաստանի իշխանությանը «հասկացրեց», որ ռուսական ծրագիրը որեւէ արդյունք չի ունենալու: Քլինթոնի այս հայտարարություններից հետո թուրքական ու ադրբեջանական մամուլը գրեց, որ Ղարաբաղի խնդրի լուծման որեւէ հույս արդեն չի մնում: Այն ժամանակ Երեւանից մեկնելով Բաքու, Հիլարի Քլինթոնը հետաքրքիր հայտարարություն արեց. նկատի ունենալով մասնավորապես Իրանին, նա ասել էր, որ կան Ադրբեջանի թշնամի պետություններ, որոնք չեն հարգում նրա տարածքային ամբողջությունն ու անկախությունը: Փաստացի, նա փորձել է Ադրբեջանին հասկացնել, որ Ադրբեջանը պետք է մտածի իր մնացյալ տարածքի անվտանգության մասին: Ո՞րն է Քլինթոնի ներկայիս այցի նպատակը: Ներկայում հայ-թուրքական արձանագրությունների ու Ղարաբաղի կարգավորման խնդիրները կարծես սառեցված են բավական երկար ժամանակով, եւ առայժմ չեն երեւում միջազգային նախադրյալներ, որ դրանք կարող են ակտուալացվել: Կան ավելի գլոբալ խնդիրներ, որոնք մտահոգում են գերտերություններին, եւ որոնց լուծմանն են ուղղված նրանց ջանքերը, որի դեպքում մյուս հարցերի համար չեն մնում ժամանակ եւ ռեսուրսներ: Ըստ ամենայնի, Քլինթոնի այս այցի ընթացքում քննարկվելու են Հայաստանի այսպես ասած ներքին խնդիրները: Մայիսի 6-ի ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվել է բավական հետաքրքիր իրավիճակ, որը արտաքին գործընկերներին մանեւրելու լայն հնարավորություններ է տալիս: Մասնավորապես, Հայաստանի համար նոր դերի ու նոր խնդիրների, ինչպես նաեւ տարածաշրջանում որակական նոր փոփոխությունների առումով, որոնք մոտ ապագայի հետ են կապված: Ըստ երեւույթին, տիկին Քլինթոնը պետք է իր աչքով տեսնի, թե որքանով է Հայաստանի այսպես կոչված քաղաքական դասը պատրաստ նոր իրողություններին, եւ ովքեր են լինելու համարժեք գործընկերները: Հայկ Արամյան
Monday, May 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment