Wednesday, May 2, 2012

Ալեքսանդր Ռար. Եվրոպայում առանձնապես հետաքրքրված չեն Հարավային Կովկասում իրավիճակով

News.am. 2-5-2012- Եվրախորհրդարանի` Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ վերջին բանաձեւերից պարզ է, որ Եվրամիությունը կանգնել է վերջինիս կողմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության ԱՊՀ եւ Ռուսաստանի հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Նրա խոսքով` միակ պատճառը, որ ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության գոտուց հայկական զորքերի դուրս բերում չպահանջեց, այն էր, որ ԵՄ-ն ձգտում է հարցի խաղաղ կարգավորման հակամարտության մասնակից կողմերի միջեւ: Հարցին, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան գնահատական չտվեցին սահմանամերձ գոտում Ադրբեջանի գործողություններին, մասնավորպես մանկապարտեզի գնդակոծմանը, երեք հայ զինվորների սպանությանը, փորձագետն ասաց. «Խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը մասնավորապես, եւ ընդահուր առմամբ այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, Եվրոպայում այսօր առանձնապես չի քննարկվում: Հիմնական իրադարձությունները ծավալվում են կողքին` գոյություն ունի Իրանի հետ պատերազմի վտանգ: Բացի այդ, այսօր ամերիկյան ազդեցությունը Հարավային Կովկասում բավականին ուժեղ է: Ուստի ԵՄ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով բավարարվեց դժգույն հայտարարությամբ, որով մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի առնչությամբ»,-նկատեց Ռարը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ապրիլի 25-ին ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել նաեւ գյուղի, մասնավորապես գյուղի մանկապարտեզի ուղղությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում ստացած հրազենային վնասվածքներից երեք հայ զինծառայողներ են զոհվել: Ապրիլի 27 -ին հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա)` նշելով, որ իրենք «խիստ մտահոգված» են հայ-ադրբեջանական սահմանի եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ վերջին հաղորդագրություններով, որոնց արդյունքում զոհեր ու կորուստներ են արձանագրվել:

No comments: