«Լրագիր» 30-4-2012- “Հանցագործության զղջմանը մենք պատրաստ ենք համարժեք քայլերով արձագանքել”, Արթիկում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերության մասին: Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը հանցագործության զղջում ասելով նկատի ունի հայերի ցեղասպանության ճանաչումը Թուրքիայում: Իսկ ինչ նկատի ունի Սարգսյանի համարժեք քայլեր ասելով: Ինչ համարժեք քայլ է անելու Հայաստանը, եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Հայաստանը հրաժարվելու է Թուրքիայի հանդեպ փոխհատուցման պահանջների՞ց եւ ճանաչելու է Թուրքիայի ներկայիս սահմանը, թե փորձելու է սփյուռքահայությանը համոզել, որ այդպիսի պահանջներ չներկայացնեն թուրքական ներկայիս պետությանը՝ որպես Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ: Բայց չէ որ Թուրքիայի ներկայիս սահմանը Հայաստանն արդեն իսկ ճանաչել է՝ ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունը: Այն իհարկե վավերացված չէ, բայց կարող էր վավերացված լինել առանց ցեղասպանության ճանաչման: Իսկ Հայաստանը վավերացնելու համար կարծես թե չէր դնում այդպիսի պայման: Այսինքն, արդյո՞ք Հայաստանն այժմ այդ պայմանի մասին է խոսում, ակնարկելով, որ այլեւս չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ Թուրքիան չի ճանաչի հայերի ցեղասպանությունը: Բայց, այդ դեպքում էլ բնականաբար հարց է առաջանում, թե ցեղասպանության եւ սահմանների փոխադարձ ճանաչումից հետո էլ ինչ պետք է անի պատմաբանների ենթահանձնաժողովը, որի ստեղծման մասին է նշվում հայ-թուրքական արձանագրությունների դրույթներից մեկում: Արդյոք Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է չեզոքացնել արձանագրությունների մեջ այդ ենթահանձնաժողովը ստեղծելու մասին դրույթը, այսպես ասած ուղղել սխալը: Որն է լինելու Թուրքիայի ճանաչման դիմաց Հայաստանի համարժեք քայլը, ինչի մասին որ խոսում է Սերժ Սարգսյանը: Ինչու նա այդ մասին չի խոսում առավել հստակ ու բաց, հայտնելով իր դիրքորոշումը: Թերեւս պետք է բացառվի, որ այդ քայլը կարող է լինել Ղարաբաղի խնդրի ուղղությամբ: Այսինքն, պետք է ենթադրել, որ ինչ էլ նկատի ունենա Սերժ Սարգսյանը, դա որեւէ կերպ առնչություն չի ունենա Ղարաբաղի խնդրի հետ: Ընդհանրապես, պաշտոնական Երեւանն այդպես էլ չի հստակեցրել իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերության հետագա ընթացքի վերաբերյալ: Արձանագրությունների վավերացումը սառեցվել է, բայց ինչ է լինելու տեսանելի ապագայում. Հայաստանը սպասում է, մինչեւ Թուրքիան վավերացնի՞ արձանագրությունները, թե Հայաստանն ունի այլ քայլեր, որ կարող է անել հայ-թուրքական ուղղությամբ: Իսկ գուցե Հայաստանը սպասում է, թե ինչ կհուշեն գերտերությունները՝ ԱՄՆ, Ֆրանսիան կամ Եվրոպան, կամ Ռուսաստանը:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment