Tuesday, May 1, 2012

Հայաստանն ու Իրանը դատապարտված են սերտ հարաբերություններ ունենալ. քաղաքագետ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպումը հակակշիռ է Իսրայելի և Ադրբեջանի
արտգործնախարարներ Ավիգդոր Լիբերմանի և Էլմար Մամեդյարովի՝ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը: «Իրանը ցանկանում է ի ցույց դնել Հարավային Կովկասում ունեցած իր դիրքերը: Բնական է՝ այդ երկիրն ուզում է ցույց տալ, որ ի հակակշիռ ադրբեջանա-իսրայելական, ադրբեջանա-թուրքական դաշինքների՝ ընդունակ է տարածաշրջանում սեփական դաշինք ստեղծել: Այստեղ, ամեն դեպքում, խոսքը տարածաշրջանային աշխարհաքաղաքական նոր իրականություն ստեղծելու հետևողական քայլերի մասին է, երբ Հայաստանն ու Իրանը դատապարտված են միմյանց հետ առավել սերտ հարաբերություններ ունենալ: Իսկ այդպիսի հարաբերություններ մինչ այժմ չկան, և չկան երկու կողմերի մեղքով: Երկու կողմերն էլ այս առումով բավական զգուշավոր են եղել: Այժմ ժամանակն է տնտեսական հարաբերություններից անցում կատարել դեպի քաղաքական և ռազմաքաղաքական հարաբերությունների դաշտ»,- ասաց Իգոր Մուրադյանը:

No comments: