Saturday, May 19, 2012

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ դեսպանին՝ հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը նպաստելու համար

Tert.am. 18-5-2012- Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը նպաստելու համար, առանձնակի կարևորել է Երևանի և իրանական քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում դիվանագետի անձնական ներդրումը.«Վստահեցնում եմ, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակվեն և քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»,-նշել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը, որպես երկու երկրների քաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակ, առանձնացրել է Երևանի կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքներում ԻԻՀ Թեհրան քաղաքի և Մազանդարան նահանգի հետ արդյունավետ փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար, դեսպանը նշել է, որ Երևանն այս տարիների ընթացքում իր և իր ընտանիքի անդամների համար իրապես դարձել է հարազատ քաղաք ու, ըստ այդմ, Սեյեդ Ալի Սաղաիյանը իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի նպաստել Երևանի և իրանական քաղաքների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

No comments: