Saturday, May 19, 2012

Չնայած ընտրակաշառքներին և վարչական ռեսուրսին՝ ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել. Ջոն Հեֆերն

Tert.am. 18-5-2012- Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել: «Մենք ուշադրությամբ և մոտիկից հետևել ենք ընտրություններին: Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություներում` լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, և սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր և թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Այսինքն` շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում», - մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպանը: Այնուամենայնիվ Հեֆերնը որոշ վերապահումներ է հայտնել՝ նշելով, որ որոշ խնդիրներ շարունակում են մնալ, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները դրանք հստակորեն նշել են։ «Ընտրակաշառքները և վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում են մնալ լուրջ խնդիր: Ուստի դեռ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա հաջորդ ընտրություններից առաջ», - ասել է նա: Հեֆերնը նաև տեղեկացրել է, թե իրենք աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ` ընտրություններում տեղ գտած խնդիրները վերացնելու համար: «Մենք փորձում ենք հնարավորինս օգտակար լինել կառավարության, իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրատվամիջոցների հետ աշխատանքում: Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք` օգտակար լինելու համար», - վստահեցրել է նա:

No comments: