Sunday, July 8, 2012

Իրանը պետք է մասնակցի Սիրիայի ճգնաժամի լուծմանը. Քոֆի Անան

Իրանը պետք է ակտիվ մասնակցություն ունենա Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը ֆրանսիական Le Mond թերթին տված հարցազրույցում: «Իրանը առանցքային խաղացող է: Նա ազդեցություն ունի տարածաշրջանում, և մենք չենք կարող դա արհամարհել,- ասել է Անանը: Թեհրանը պետք է ակտիվ մասնակցություն ունենա լուծում փնտրելու հարցում»: Անանի համար տարօրինակ է, որ Սիրիայի հարցում մեկնաբանությունների մեծ մասը վերաբերում են Ռուսաստանի դիրքորոշմանը, այն դեպքում, երբ Իրանն ավելի քիչ է հիշատակվում: Արևմտյան քաղաքական գործիչները, մասնավորապես Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կտրուկ դեմ են հադես եկել, որպեսզի Թեհրանը մասնակցի Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսին: Անանի կարծիքով՝ Սիրիայի ճգնաժամին ուղղված, նախկինում ձեռնարկված բոլոր ջանքերը «ակնհայտորեն հաջողությամբ չեն պսակվել»: Ուստի, նրա խոսքերով, հունիսի 30-ին Ժնևի հանդիպմանը չկազմվեց իշխանության փոխանցման օրացույց: «Մենք ցանկանում ենք ընդգծել, որ ճգնաժամից դուրս գալու գործընթացը պետք է ղեկավարեն իրենք՝ սիրիացիները: Մենք չենք ցանկանում նրանց վզին ինչ-որ բան փաթաթել, ոչ մի անիրական ժամկետ,- ասել է Անանը:-Ժնևի հանդիպման նպատակներից մեկն էր ևս մեկ անգամ համախմբել մասնակիցների ջանքերը քաղաքական լուծում փնտրելու համար»: Անանն ափսոսանք է հայտնել՝ կապված Սիրիայի ընդդիմության կողմից Ժնևի համաժողովի արդյունքները քննադատելու հետ: «Ժնևի հանդիպման ամփոփիչ հռչակագիրը մշակվել է պետությունների կողմից, որոնց 80%-ը մտնում են Սիրիայի «բարեկամների խմբի» կազմի մեջ: Ուստի այն պնդումները, որ ընդդիմությանը «դավաճանել» կամ «վաճառել են», բավական տարօրինակ է հնչում»,- նշել է Անանը:

No comments: