Monday, July 9, 2012

Բախումներ «Հարսնաքարի» մոտ. Ռուբեն Հայրապետյանը հարվածել է իրավապաշտպանին

News.am. 9-7-2012- Հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սպա Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողությունն ուղեկցվել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ: Ոստիկանությունն արգելել է հավաքվածներին մոտենալ «Հարսնաքար» ռեստորանին, ինչից հետո մարդիկ ի նշան բողոքի փակել են Աճառյան փողոցը: Կարմիրբերետավորներն ու վահաններով եւ մահակներով զինված ոստիկանները` Երեւանի փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանի ցուցումով, ուժ են կիրառել, հրել եւ քաշքշել մարդկանց: Ի դեպ, «Հարսնաքար» ռեստորանում է եղել նաեւ Ազգային Ժողովի պատգամավոր, Ռուբեն Հայրապետյանը, ով հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին` նրան գետին տապալելով: Վերջինս Panorama.am կայքին ասել է, թե Հայրապետյանի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն չի արել: «Ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որեւէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան»: Չկարողանալով մոտենալ ռեստորանին, հավաքվածները երթ են արել Բաբաջանյան պողոտայով` դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն, որը եւս շրջապատված է եղել ոստիկանական մեծ ուժերով: Հավաքվածները վանկարկել են «Նեմեց-մարդասպան» եւ այլ կարգախոսներ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Հունիսի 29-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել էր: Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե հրաժարվում է իր պատգամավորական մանդատից:

No comments: