Wednesday, July 4, 2012

Ընկեր Լֆիկի փորձությունը

«Լրագիր» 4-7-2012- Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից, եւ այդ քայլն արդեն իսկ արժանացել է ամենատարբեր գնահատականների, թեեւ դրանից անցել է ընդամենը մեկ գիշեր: Բայց, երեւի թե ամենահետաքրքրականն այն է, թե Հայրապետյանի քայլի մասին ինչ են մտածում եւ այն ինչպես են գնահատում խորհրդարանի նրա գործընկերները, հատկապես իշխող մեծամասնության կամ դրա “այլընտրանքի” գործընկերները: Այն, որ հրապարակային մակարդակում Հայրապետյանի քայլը մատուցելու են որպես բարոյական պատասխանատվության բարձր գիտակցման դրսեւորում, անկասկած է, առավել եւս, որ Գալուստ Սահակյանն արդեն հասցրել է: Բայց ինչ են մտածելու նրանք իրենց մեջ, ամեն մեկն իր համար, իր մտքում: Համարելու են, որ Ռուբեն Հայրապետյանը թու՞յլ գտնվեց, թե մտածելու են, որ Հայրապետյանը ուժեղ էր եւ հրաժարական տվեց հանուն իրենց բոլորի, որ էլ ավելի չսրվեր հասարակական ցասումը համակարգի, այսինքն բոլորի վրա: Դժվար է ասել, թե ինչ չափանիշներով կարող են մտածել ու դատել խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչները: Բայց, լավ կլիներ, որ չափանիշ լիներ համերաշխությունն ու արդարությունը: Այդ դեպքում նրանք երեւի թե կհասկանային, որ արդար չէ, երբ մանդատը վայր է դնում Հայրապետյանը, իսկ իրենք մնում են խորհրդարանում: Ի վերջո, խորհրդարանի 131 պատգամավորի ճնշող մեծամասնությունը որեւէ բանով ավելի լավը չէ, ավելի բարոյական չէ, ավելի մարդասեր չէ, ավելի խղճմտանքով չէ, քան Հայրապետյանը: Ճնշող մեծամասնությունը՝ ՀՀԿ-ում, ու նաեւ ԲՀԿ-ում, Հայրապետյանից ավելի լավը չէ, որ ունենա մանդատը պահելու արժանիք: Նրանցից ոմանց թիկնապահները տարիներ առաջ են մարդ ծեծել կամ սպանել, ոմանց թիկնապահները դեռ նոր են պատրաստվում այդ բանն անել, ոմանց թիկնապահների բախտը գուցե բերի եւ նրանց ձեռքն ընկածներից ոչ ոք չմահանա, իսկ ոմանք էլ պարզապես անձամբ են ծեծել, սպանել, խոշտանգել, եւ շարունակում են անել այժմ: Դա ոչ մի նշանակություն երեւի թե չունի, որովհետեւ նրանք բոլորը Ռուբեն Հայրապետյան են՝ ապրել են, ապրում են, հարստացել ու հարստանում են, “ընտրվել” ու “ընտրվում” են նույն մեթոդներով, պետության եւ հասարակության ուսերին առաջացնում են նույն ծանրությունը, Հայաստանի զարգացման ճանապարհին հանդիսանում են նույն արգելքները, ու բոլորը պետք է դնեն մանդատները ի նշան թե արդարության, թե համերաշխության: Հատկապես ծանր է իհարկե Ռուբեն Հայրապետյանի ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի վիճակը: Նա էր Հայրապետյանին համոզել պատգամավոր առաջադրվելու հարցում, Հայրապետյանը հայտարարել էր, որ ինքը չէր դնում թեկնածությունը, բայց միակ մարդը, ով կարող էր համոզել իրեն՝ Սամվել Ալեքսանյանը, համոզել է: Իսկ Սամվել Ալեքսանյանն էլ հայտարարել էր, թե համոզել է, որովհետեւ առանց Հայրապետյանի, առանց իր ընկերոջ չի պատկերացնում իրեն խորհրդարանում: Հետեւաբար դժվար է պատկերացնել, թե հիմա ինչպես է խորհրդարանում առանց Ռուբեն Հայրապետյանի մնալու Սամվել Ալեքսանյանը: Ալեքսանյանի համար եկել է ընկերությունը եւս մեկ անգամ ապացուցելու եւ մի դիմում էլ իր անունից գրելու ժամանակը, հանուն ընկերության: Առավել եւս, որ ինչպես Հայրապետյանի հայտարարությունից էր երեւում, նա Հարսնաքարի ողբերգությունից հետո չափազանց ծանր ապրումների մեջ է, եւ էլ ով պետք է ձեռնaմուխ լինի մխիթարելուն, եթե ոչ ընկերը: Առաջիկայում Սամվել Ալեքսանյանին երեւի թե շատ ժամանակ կպահանջվի լինել Հայրապետյանի կողքին եւ սփոփել նրան, ու օրենսդրական եւ քաղաքական գործունեության համար ժամանակ կարող է չմնալ: Այնպես որ, Ալեքսանյանին էլ երեւի թե այլ բան չի մնում, քան վայր դնել մանդատը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: