Tuesday, August 14, 2012

Հայազն միության բանակումն Արցախում

Օգոստոսի 1-ից մեկնարկեց Հայազն Միության կողմից կազմակերպված Բանակման ծրագիրն Արցախում: Բանակմանը մասնակցեցին շուրջ հիսուն երիտասարդներ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Բելառուսից, Ռուսաստանից: Առաջին օրը ճամբարականները եղան Ստեփանակերտում, այնուհետև Շուշիում, որտեղ էլ նրանց միացավ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն, ու հենց Շուշվա ձորում երիտասարդներին ներկայացրեց Շուշիի ազատագրման գործողությունը, պատասխանեց երիտասարդների հարցերին: Այնուհետև ճամբարականները շարժվեցին դեպի բանակավայր՝ Զուար գյուղ, որտեղ էլ կանգնեցվեց բանակման կայմը՝ Հայոց եռագույնով ու Հայազնական դրոշով: Բանակման ընթացքում դասախոսություն-քննարկումներով հանդես եկան Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, քաղաքագետ, Հայազն միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Աղայանը, քաղաքագետներ Արմեն Հովհաննիսյանը, Ալեքսանդր Քանանյանը, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը, ԱՍԱԼԱ-ի Վան գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը եւ այլք։ Օգոստոսի 7-ին բանակավայրում կազմակերպվեց հիշատակի երեկո՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվան և Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվան: Կազմակերպվեցին մարզական, ինտելեկտուալ խաղեր, մրցումներ, արշավներ դեպի Դադիվանք, Թութխուն: Ճամբարականներին այցելեցին Զուար գյուղի գյուղապետը, Քարվաճառի զորամասի հրամանատարի տեղակալը, բազմաթիվ վերաբնակիչներ, հյուրեր արտասահմանից: Օգոստոսի 10-ի երեկոյան տեղի ունեցավ բանակման փակման արարողությունը, իսկ 11-ին ճամբարականները այցելեցին Ծաղկունք գյուղ, որտեղ տեղի էր ունենում Հայոց Նավասարդին նվիրված միջոցառում: Տեղեկացնում են Հայազն միությունից։

No comments: