Sunday, August 5, 2012

Թե ինչո՞ւ Հայաստանը ձեռնպահ քվեարկեց Սիրիայի հարցով բանաձևին. քաղաքագետներ

Tert.am. 4-8-2012- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երեկ կայացած նիստում Սիրիայի հարցով ընդունված բանաձևին Հայաստանի ձեռնպահ քվեարկությունը, ըստ քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի և արաբագետ Հայկ Քոչարյանի՝ լիովին արդարացված է: «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ևս այդ առիթով հայտնեց իր տեսակետը. «Չեմ կարծում, որ Հայաստանն ուրիշ դիրքորոշում կարող էր ունենալ՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում է այսօր երկիրը (Սիրիան-Tert.am) և ինչ վիճակում՝ մեր հայրենակիցները, որոնք շատ խոցելի վիճակում են: Եվ Հայաստանն այս կամ այն կողմին ընդունելով կարող էր մեծապես վտանգել մեր հայրենակիցներին: Այսինքն՝ այլ տարբերակ չկար»: Հիշեցնենք, որ երեկ ձայների 133 կողմ, 12 դեմ և 31 հարաբերակցությամբ ընդունված բանաձևով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտեց Սիրիայի կառավարությանը՝ պահանջելով քաղաքական իշխանության փոփոխություն այդ երկրում և անցում «ժողովրդավարական, բազմակարծիք քաղաքական համակարգի»։ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կ. Բեքարյանի խոսքով՝ կան մի քանի գործոններ, որոնց հետ հաշվի չնստել, ուղղակի, հնարավոր չէ և դրանցից առաջինը տիրող իրավիճակի վերաբերյալ մեր հայրենակիցներից եկող «սիգնալներն են»։ «Այդ թվում այն, որ առ այսօր չենք գրանցել իրավիճակ, որ ռազմական գործողությունների ընթացքում Սիրիայի իշխանությունների կողմից որևէ թշնամական գործողություններ իրականացվեն հայերի նկատմամբ կամ հայկական թաղամասերում»,- Tert.am-ին ասաց Կարեն Բեքարյանը: Ըստ նրա՝ Հայաստանի որդեգրած դիրքորոշման մեջ, որպես երկրորդ գործոն, դեր է ունեցել անորոշության զգացումը: «Որովհետև՝ խոստովանենք, որ մենք չունենք պատկերացում, թե հակառակ կողմի՝ ապստամբների բանակում մենք ի՞նչ ուժերի հետ գործ ունենք: Օրինակ՝ բերեմ մեկ հանգամանք. նույն արևմտյան լրատվամիջոցները մի քանի անգամ ֆիքսել են, որ ապստամբների կողմից ծածանվող դրոշների մեջ տեսնում են մեծ քանակությամբ «Ալ Կաիդայի» դրոշներ: Հետևաբար, հարց է առաջ գալիս, Հայաստանի պարագայում շատ նուրբ խնդիր կա կապված Սիրիայում ապրող մեր համայնքի հետ. մի կողմից հասկանում ես, որ կան պրոբլեմներ, իշխանության կողմից խնդիրներ՝ կապված ժողովրդավարության, երկրի ներսում իրավիճակի հետ, բայց մյուս կողմից անհասկանալի է, թե ի՞նչ կարելի է ակնկալել հակառակ թևից, և, արդյո՞ք, կարելի է հանգիստ լինել»,– ասաց նա: «Մինչդեռ այդպես չէ: Ի դեպ, ոչ միայն մենք չունենք անհրաժեշտ տեղակատվություն, այլև ինձ թվում է՝ ողջ աշխարհը չունի»,-ասաց քաղաքագետը, ում խոսքով՝ նման իրավիճակներում ունենալ «կողմ» կամ «դեմ» տեսակետ չի կարող արտահայտել և ոչ ոք: «Ուրիշ հարց, որ բանաձևին «կողմ» քվեարկողներն ունեն իրենց քաղաքական շահերն ու ամբիցիաները, «դեմ» քվեարկողները՝ իրենցը, իսկ մեզ համար սա առավելապես օբյեկտիվ խնդիր է՝ ելնելով նրանից, որ խոսքը վերաբերում է բարեկամ ժողովրդին ու պետությանը, որի ներսում կա բավականին մեծաքանակ հայկական համայնք»,- հավելեց Կարեն Բեքարյանը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը պահանջում էր այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը, Հայաստանը ևս «ձեռնպահ» քվեարկեց՝ 137 «կողմ», 12 «դեմ» և 17 ձեռնպահ պետությունների թվում: Արաբագետ Հայկ Քոչարյանի խոսքն առավել հակիրճ էր, և, ըստ էության, կրկնեց Կարեն Բեքարյանին. «Քանի որ հայ համայնքի անվտանգության հարցն է օրակարգում, Հայաստանն այս հարցում պետք է զգուշություն ապահովի, իսկ զգուշության ամենալավ ձևը չեզոքությունն է»: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ քվեարկությունից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել էր . «Գազանության ակտերը, որոնց մասին հաղորդումներ են ստացվում, կարող են կազմել մարդկության դեմ հանցագործություններ կամ պատերազմի հանցագործություններ։ Նման ակտերը պետք է հետաքննվեն, իսկ կատարողները՝ պատասխանատվության ենթարկվեն»։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում արդեն 1.5 տարի տևող բախումների հետևանքով ավելի քան 20.000 մարդ է զոհվել։

No comments: