Friday, March 4, 2011

ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԽԵԼՔ ՊԵՏՔ ՉԷ

«Լրագիր» 4-3-2011- Ազատություն ռադիոկայանին պարզաբանում տալով փետրվարի 28-ին Երեւանի պետհամալսարանում ունեցած իր ելույթի կապակցությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հիշեցրել է ՀՀԿ 20-ամյակի միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը: ԱՄՆ դեսպանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանն այդ ելույթում Հայաստանի ապագայի գրավական էր համարել ժողովրդավարությունը, ակտիվ երկխոսությունը եւ կյանքի բոլոր ոլորտներում եվրոպական արժեքների ներդրումը: Այդպիսով, Մարի Յովանովիչը փաստացի պատասխանում է այն մեղադրանքներին, թե ԱՄՆ Հայաստանում հեղափոխության կոչ է անում կամ ինչ որ հեղափոխական գործընթաց նախաձեռնում:
Իրականում իհարկե հասկանալի են այդ բնորոշումների արմատները կամ շարժառիթները: Երբ չկա որեւէ հակափաստարկ, լավագույն արձագանքը մնում է բովանդակությունից վեր գտնվող բնորոշումներ տալը: Մարի Յովանովիչի ելույթի բովանդակային քննարկում կարծես այդպես էլ չեղավ: Մինչդեռ այդ ելույթում չկար որեւէ մի դրույթ, որը ոչ միայն Հայաստանի իշխանության խոսքին, այլ նաեւ Հայաստանի Սահմանադրությանը կամ օրենքներին է հակասում:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ Մարի Յովանովիչը գունավոր հեղափոխության կոչ չի արել, բայց ասել է բաներ, որոնք իրենց համար ինչ որ մասով ընդունելի չեն: Գալուստ Սահակյանն իհարկե չի մանրամասնել, թե հատկապես ինչը ընդունելի չէր դեսպանի ելույթում: Երեւի լրագրողները չեն հարցրել: Իսկ եթե չեն հարցրել, էլ ինչ կարիք կա պատասխանելու, առավել եւս, որ պատասխանը Գալուստ Սահակյանի եւ նրա իշխանական գործընկերների համար թերեւս բավական դժվար էր լինելու: Եթե իշխանությունն այդ ելույթին պատասխան ունենար, ապա հեղափոխության կոչի մասին ավանդական խորամուխումները չէին լինի: “Համաշխարհային դավադրության” տեսությունն առաջ է քաշվում այն ժամանակ, երբ որեւէ ասվածի դեմ չկա հիմնավոր եւ բովանդակային հակափաստարկ:

Այդ դեպքում սկսում են մեղադրանքները պատվեր կատարելու, գործակալ լինելու, թշնամու ջրաղացին ջուր լցնելու եւ այլ համանման “դավաճանությունների” մասին: Ընդ որում, վատը թերեւս այն է, որ այդ մեթոդոլոգիան այնքան լայն կիրառում է գտել Հայաստանում, որ շատերն արդեն դրան հավատում են անկեղծորեն, ամբողջ հոգով եւ մտքով, չի բացառվում նաեւ սրտով: Թեեւ դա գուցե նաեւ նրանից է, որ “համաշխարհային դավադրությանը” հավատալը բավական հեշտ է, ձերբազատում է ավելորդ պատասխանատվությունից. ամեն ինչ վերագրում ես այդ դավադրությանը եւ վերջ, այլեւս մտածել պետք չէ, քննարկել պետք չէ, խնդիրները հասկանալ պետք չէ, սեփական պատասխանատվության շրջանակ կազմելն ու իրացնել պետք չէ: Այդ շրջանակը սկսում է սահմանափակվել ընդամենը նրանով, թե դու որքան արագ ես կարողանում տեղի ունեցող երեւույթների մեջ բացահայտել “համաշխարհային դավադրության” հետքը:

Դժվար է պատկերացնել պետականության զարգացման, մտքի եւ ինտելեկտի իրական գերակայության առավել մեծ արգելակ: Միտքը սկսում է չափվել “համաշխարհային դավադրության” տեսության հանդեպ հավատով, իսկ ինտելեկտի չափը դառնում է հնարավորինս շատ երեւույթներ այդ “դավադրության” շրջանակում տեսնելու կարողությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: