Wednesday, August 8, 2012

Մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանի մոտ. Ոստիկաններն արգելեցին ակցիա անել Ռուբեն Հայրապետյանի տան մոտ

News.am. 7-8-2012- ԶՈՒ սպա Վահե Ավետյանի մահվան 40-օրյակի կապակցությամբ այսօր «Հարսնաքար» ռեստորանի մոտ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ եւ ակտիվիստներ ռեստորանի մայթի երկայնքով մոմավառության արարողություն են անցկացրել` լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Վահեի հիշատակին: Հավաքվածները պաստառներ էին պահել «Երբ մահանում է քաղաքացու վերջին հույսը, ծնվում է ինքնորոշված քաղաքացին», «Չեք մարսելու», «Նեմեց-մարդասպան» գրառումներով: Ակցիայի ժամանակ հորդառատ անձրեւ է սկսվել, սակայն դա չի խոչընդոտել ակցիայի անցկացմանը: «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ «Հարսնաքար» ռեստորանից երթ է նախատեսված, որն ավարտվելու է ՀՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տան մոտ: Չուգասզյանը հավաքվածներին կոչ արեց չենթարկվել սադրանքների: Նշենք, որ «Հարսնաքարի» տարածքը վերահսկում էին մի քանի տասնյակ ոստիկաններ: Այս պահի դրությամբ որեւէ ընդհարում կամ քաշքշուկ չի եղել: Ոստիկանները չթույլատրեցին, որ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ բողոքի ակցիա կայանա: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը մոտեցավ Հրանուշ Խառատյանին եւ նշեց, որ երթի թույլտվություն չկա: Նա փոխզիջում առաջարկեց, որ ակցիան եւ երթը կայանան, բայց երթի մասնակիցները Ռուբեն Հայրապետյանի տան մոտ չկանգնեն եւ ակցիա չանեն: Ակտիվիստները որոշեցին միայն երթով անցնել Հայրապետյանի տան մոտով: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը: Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել էին վեց մարդ, այդ թվում` Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ:

No comments: