Friday, April 4, 2008

Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Իսրայելի Քնեսեթում սկանդալ է առաջացրել

01.04.2008 18:31 GMT+04:0
/PanARMENIAN.Net/ Այսօր, ապրիլի 1-ին տեղի է ունեցել Քնեսեթի գործերով հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր, թե որ հանձնաժողովում է քննարկվելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Նիստում սուր վիճաբանություն է առաջացել պատգամավորներ Զեեւ Էլկինի եւ Յոսեֆ Շագալի միջեւ: Յոսեֆ Շագալը, մասնավորապես, հայտարարել է, թե միայն պոպուլիստները կարող են պնդել, որ Իսրայելի խորհրդարանը քննարկի Հայոց ցեղասպանության հարցը: Ի պատասխան Զ.Էլկինը հիշեցրել է իր գործընկերոջը, որ այդ հարցի քննարկմանը կողմ էր մասնավորապես Շագալի գործընկերը «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության գծով իր գործընկեր Յուրի Շտերնը: Անդրադառնալով այդ խոսքերին, պատգամավոր Շագալն առաջարկել է «դադարեցնել սրբացնել Շտերնին», որից հետո բավականին կտրուկ արտահայտություններ է թույլ տվել իրեն:
Միջադեպից հետո Էլկինը հրաժարվել է մեջբերել իր հասցեին ասված վիրավորանքը: Նա հայտարարել է. «Ես ափսոսում եմ, որ բանավեճը նման բնույթ ընդունեց: Միշտ, առավել եւս խորհրդարանում, կարեւոր է մնալ քաղաքակիրթ երկխոսության եւ պարկեշտության սահմաններում: Կատարվածը վնասում է Քնեսեթի պատգամավորի կարգավիճակին»: Զ.Էլկինը նշել է նաեւ, որ որոշ պատգամավորներ արդեն առաջարկել են նրան քննարկման դնել Շագալի վարքը էթիկայի հանձնաժողովում: «Ես համոզված չեմ, որ կանեմ դա: Չէր ցանկանա ավելի բորբոքել սկանդալը»,-ասել է նա:
Իր հերթին, Շագալը հայտարարել է. «Էլկինը, որպես «Իսրայել-Հայաստան» միջխորհրդարանական խմբի նախագահ, կա նաեւ այդպիսին, «Մերեց» կուսակցության առաջնորդ Խաիմ Օրոնի հետ անցած չորեքշաբթի քննարկում էր նախաձեռնել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ: Թեմա, որից Իսրայել պետությունը 60 տարի է ինչ հեռու է պահում իրեն, չեզոք դիրք որդեգրելով: Իմ բոլոր փորձերը բացատրել այդ պարոններին, որ դա չի կարելի անել մի շարք պատճառներով (երեւի ինքներդ եք հասկանում, թե ինչու), ապարդյուն եղան: Սակայն ժամանակն անհաջող էր ընտրված՝ Քնեսեթի նիստի ավարտին, ներկա էին ընդամենը 10-11 մարդ, եւ նրանք բոլորը «մշակվել էին», հաղորդում է News.co.il-ը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Քնեսեթն առաջին անգամ սկզբունքային որոշում կայացրեց այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման քննարկվելու է Իսրայելի խորհրդարանի հանձնաժողովներից մեկում: Առաջարկն արվել է պատգամավոր Խաիմ Օրոնի («Մերեց») կողմից: Պատգամավոր Զ.Էլկինը («Քադիմա») առաջարկեց այդ թեման քննարկել կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Պատգամավոր Շագալն առաջարկեց այդ հարցը քննարկել արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովում:

No comments: