«Tert.am», 28.08.10: «Դա Թուրքիայի հերթական դեմագոգիկ հայտարարությունն է, որը կապ չունի իրականության հետ և տրամաբանությունից դուրս քայլ է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով թուրքական կողմի՝ ԱՄՆ աջակցությամբ հայ-թուրքական հարաբերությունները վերակենդանացնելու փորձերին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորությամբ Թուրքիան այս շաբաթ պատվիրակություն է ուղարկել Վաշինգտոն, որտեղ մի շարք հարցերի թվում ԱՄՆ վարչակազմի հետ քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Մասնավորապես, թուրքական պատվիրակությունն ԱՄՆ վարչակազմին խնդրել է միջամտել և վերակենդանացնել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։
Ըստ Մելքոնյանի, հայ-թուրքական գործընթացը հասել էր լուրջ մակարդակի. Արձանագրություններ էին ստորագրվել։ «Թուրքական կողմին մնում էր միայն քաղաքական կամք դրսևորել և վավերացնել Արձանագրությունները, այլ ոչ թե զբաղվել տարատեսակ շահարկումներով»,- ընդգծեց Մելքոնյանը։
Թուրքագետ Արտակ Շաքարյանը նույնպես կարծում է, որ Անկարան անկեղծորեն չի ցանկանում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, պարզապես ձևացնում է։ «Այս, ինչպես նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման քայլերով թուրքերը պատրաստվում են հոկտեմբերին՝ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման 1-ամյակին, քանի որ այդ ժամանակ բոլորը խոսելու են, որ Թուրքիան է ձախողել գործընթացը»,- նշեց թուրքագետը։ Շաքարյանի խոսքով՝ Թուրքիան այս քայլով նախապատրաստվում է նաև հոկտեմբերին հրապարակվելիք Եվրամիության առաջընթացի մասին զեկույցին, որում այդ երկրի մասին վատ կարծիք է հնչելու։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նույնպես լուրջ չի ընդունում թուրքական կողմի այդ քայլը։ «Վերջերս Դավութօղլուն հայտարարեց, որ անգամ ՆԱՏՕ-ի վարժանքների համար հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես չի բացվի։ Թուրքական կողմը պետք է քայլեր անի, բայց հակառակը՝ ոչ մի քայլ չի անում»,- ընդգծեց Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ սա թուրքական կողմի հերթական փորձն է՝ խաղի մեջ մտնել ամերիկյան կողմի հետ և առավելություններ ստանալ։
Sunday, August 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment