ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի նախարարության, Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 6-10-ը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել միջազգային գիտաժողով` նվիրված մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին:Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից, գիտաժողովի նպատակն է լուսաբանել Վ.Սարոյանի ստեղծագործական ժառանգության ամենատարբեր ասպեկտները` դիտարկելով այն որպես մշակութային արժեք:Գիտաժողովին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ-ի, Երեւանի պետական, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների մասնագետներ, գրողներ, սարոյանագետներ, արվեստաբաններ: Նախատեսվում են զեկույցներ եւ հաղորդումներ մի շարք թեմաներով` «Սարոյանի գեղագիտությունը», «Հայոց ճակատագիրը Սարոյանի ստեղծագործություններում», «Սարոյանը եւ իր ժամանակի ամերիկյան գրականությունը», «Սարոյանի լեզուն եւ ոճը», «Սարոյանի դրամատուրգիան», «Սարոյանը եւ կինոն»:Կարեւորելով Վ.Սարոյանի գրական ժառանգության համաշխարհային նշանակությունը` կազմակերպիչները ցանկություն ունեն մասնագետներ հրավիրել ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: Գիտաժողովի աշխատանքները կընթանան ինչպես Երեւանում, այնպես էլ Ծաղկաձորում, իսկ գիտաժողովի նյութերը կհրապարակվեն առանձին գրքույկով:
No comments:
Post a Comment