Thursday, May 22, 2008

«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»

ԱՆԿԱՐԱ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 14-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի ափին հայերի համար տուրիստական ավան կառուցելու նախաձեռնության մասին: Տեղեկության համար հիմք էր ծառայել թուրքական «Միլլիեթ» թերթի մայիսի 13-ի հրապարակումը: Այս նախաձեռնությունը որոշ շրջանակներում բուռն վրդովմունք է առաջացրել, մասնավորապես դրա մասին զայրույթով է արտահայտվել Թուրքիայի կադաստրի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Օրհան Օզքայան:Զայրույթի մասին էլ մայիսի 15-ի համարում տեղեկացնում է «գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղը»: Օզքայան թերթի վկայությամբ նշել է, որ Վանի Աղթամար կղզում հայերի համար նախատեսվող եկեղեցուն կից տուրիստական ավանը («Միլլիեթի» վկայությամբ դա նախատեսվում է Վանա լճի ափին), չի կարող դրական հետեւանքներ ունենալ Թուրքիայի համար, որովհետեւ ավանի ծրագիրն ինքնին մարդկանց քրիստոնյա դարձնելու նպատակ ունի:Այնուհետեւ նա շարունակել է. «Հայերի համար տուրիստական ավանի կառուցումը ենթադրում է Վանում հայկական համայնքի ստեղծում: Այդ նպատակով օգտագործելու են միջկրոնական երկխոսության նախաձեռնությունը: Համայնքային կալվածքների տնօրինման նոր օրենքն ստեղծել է դրա անհրաժեշտ բոլոր նախապայմանները: Օրենքն անսահմանափակ հողատարածքներ գնելու իրավունք է տալիս համայնքային հիմնադրամներին: Սա նշանակում է, որ Վանի նահանգում կառուցապատման ենթակա տարածքի 10 տոկոսը կանցնի օտարների ձեռքը»:

No comments: