
Հետընտրական ժամանակաշրջանում Հայաստանի այսպես կոչված նոր իշխանությունը չկարողացավ կամ չուզեց կատարել քայլեր, որոնք ուղղված կլինեին լարվածությունը թուլացնելուն եւ հանրային նվազագույն վստահություն շահելուն: Կառավարող կոալիցիան կազմում են նույն քաղաքական ուժերը, որոնք վերջին ներքաղաքական իրադարձություններից հետո հայտնվել են քաղաքականապես սնանկ վիճակում եւ զրկվել հասարակական աջակցությունից: Կառավարությունն, իր հերթին, ենթարկվեց կոսմետիկ փոփոխությունների եւ փոխատեղումների: Եթե 2003 թ. կոալիցիան քիչ թե շատ արտահայտում էր Հայաստանի ներքին զարգացման տրամաբանությունը, ապա ներկայիս կոալիցիան, որ նման է անհաջող կարկատանի, բացարձակապես համարժեք չէ այն իրականությանը, որի առջեւ կանգնած է Հայաստան պետությունը: Շատերն են այս կոալիցիային գուշակում կարճ կյանք, սակայն որեւէ նշանակություն չունի` այն կգոյատեւի 5 տարի, թե 5 ամիս: Ակնհայտ է, որ այն ողջ ժամանակաշրջանը, քանի կլինի այս կոալիցիան, կլինի Հայաստանի համար կորուսյալ ժամանակաշրջան: Այս կոալիցիան հիմնված է ոչ թե իշխանության ձեւավորման հանրային մեխանիզմների, այլ ներքին պայմանավորվածությունների վրա, որոնք որեւէ առնչություն չունեն երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների հետ:
Ահա այս վիճակում գտնվող իշխանական բեւեռը ինչ սպասելիք կարող է ունենալ երկխոսությունից: Այդ սպասելիքը նման է մի մարդու վիճակին, որն ակամա դարձել է բարեկեցիկ, օգտվում է կյանքի բարիքներից լիուլի, եւ հանկարծ ինչ որ պահի ուտելիքը հավեսով կուլ չի գնում, ոչ թե խղճի խայթից, այլ այն պատճառով, որ մի տեսակ «հարամ» է եղել: Եւ հիմա ուզում է «երկխոսություն», որ հավեսով շարունակի վայելել իր նախկին կյանքը:
Ընդդիմությունն, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համազգային շարժման, հայտարարում է, թե չեն կարող անտեսել Սերժ Սարգսյանի գործոնը, որքան էլ համարեն, որ նա լեգիտիմության խնդիրներ ունի: Ընդդիմությունը պահանջում է կատարել ԵԽԽՎ բանաձեւում մատնանշված պահանջները` ընդդիմության գործիչների ազատ արձակում, ազատությունների ապահովում եւ այլն: Ընդդիմությունն այսօր հայտնվել է մի վիճակում, երբ, մի կողմից, ըստ էության ինքն է դրության փաստացի տերը, եւ արտաքին ու ներքին ասպարեզում ճշգրիտ քայլերի դեպքում կարող է իսկապես հասնել շոշափելի արդյունքների: Մյուս կողմից, ընդդիմության ցանկացած քայլ երկխոսության ուղղությամբ հասարակության կողմից կարող է դիտվել որպես գործարք իշխանության հետ, եւ ահա թե ինչու:
Բանն այն է, որ հարց է ծագում` իսկ անհրաժեշտ է արդյոք հասարակությանն այն երկխոսությունը, որի մասին խոսում են քաղաքական ուժերը: Հասարակությանը հետաքրքիր է` ինչով է այն նպաստելու Հայաստանում Սահմանադրական կարգի, օրենքի գերակայության հաստատմանը, իրավունքների եւ ազատությունների, մրցակցային միջավայրի ապահովմանը: Սրանք հարցեր են, որ թերեւս Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դարձել են մեր հասարակության քննարկման առարկա: Եւ այն պայմաններում, երբ Հայաստանում ձեւավորվել է ներքին պայմանավորվածությունների վրա հիմնված իշխանական կոալիցիա, երբ Եկեղեցին, ակադեմիական եւ մշակութային մտավորականությունը, ամենատարբեր մաստերի քաղաքագետները, դիտորդները եւ փորձագետները, լրատվամիջոցները դարձել են այդ պայմանավորվածությունների մի մասը, հասարակությունն արդեն երկխոսության կոչերի մեջ տեսնում է հերթական անգամ իր թիկունքում գործարքի գնալու` քաղաքական ուժերի ցանկությունը:
Վերջին ամիսների իրադարձությունները մի էական դեր խաղացին Հայաստանի կյանքում. ծնվեց այն բեւեռը, որը կոչվում է հասարակություն: Առայժմ թույլ, սակայն իր այդ թուլությամբ հանդերձ` զգալիորեն առաջ անցած քաղաքական համակարգից: Կամ քաղաքական ուժերը կհասնեն նրա հետեւից, կամ պիտի փորձեն ոչնչացնել այդ բեւեռը, որը միակ իրական վտանգն է Հայաստանում ձեւավորված համակարգի համար: Այս վերջին տարբերակն առավել հավանականն է, հաշվի առնելով այն, որ կոալիցիա կազմած կուսակցությունները թերեւս իրենք էլ են գիտակցում, որ ի վիճակի չեն անցնել որակական նոր իրավիճակի եւ դարձել են Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Եւ այդ բեւեռի ոչնչացման միջոցը կարող է լինել հենց քաղաքական ներկայիս համակարգի ընկալած «երկխոսությունը»:
Այս պայմաններում, Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, թվում է, լուծում չունի: Այս պնդումը ճիշտ է այն համատեքստում, ինչի մեջ հայաստանյան ներկայիս «էլիտան» պատկերացնում է «երկխոսությունը»: Սակայն հասարակության համար արդեն ակնհայտ է ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, որը ենթադրում է մի շարք կոնկրետ քայլեր, առաջին հերթին` ներկայիս խորհրդարանի ցրումը եւ նոր ընտրությունների անցկացումը: Իսկ դրա համար կան իրավական եւ բարոյական բոլոր հիմքերը` խորհրդարանը չի արտահայտում հանրային տրամադրությունները, այն ընդունել է հակասահմանադրական օրենք, եւ այլն: Նոր ձեւավորված խորհրդարանը կարող է ստանձնել երկրում համակարգային բարեփոխումներ անցկացնելու գործը, որն ինքնին ենթադրում է ճգնաժամի հաղթահարում: Իշխանության ճամբարի տեսակետից, իհարկե, սա ինքնասպանության նման բան կլինի. դժվար է ենթադրել, որ կոալիցիա կազմած կուսակցությունները, ստվերային տնտեսության տերերը, սրանց սպասարկուների բանակը կհամաձայնեն սրան: Դա կնշանակի, որ այդ կուսակցություններն անվերադարձ կհեռանան քաղաքական ասպարեզից: Բնական է, դա միայն օգուտ կբերի Հայաստանի պետությանն ու ժողովրդին, սակայն ոչ այդ կուսակցությունների ղեկավարներին, որոնք ամեն ինչ կանեն «երկխոսության» միջոցով պահել իրենց կարգավիճակը:
Սակայն Հայաստանում ստեղծված վիճակն այնպիսին է, որ նույնիսկ այն դեպքում, եթե իշխանությունը չգնա այս հստակ ու երկրի առաջընթացին ուղղված քայլերին, միեւնույն է, հնարավոր չէ կանգնեցնել ժամանակը: Եւ գուցե հասարակության համար այս դեպքում ավելի լավ կլինի` ավելորդ պատրանքներից վերջնականապես ձերբազատվելու իմաստով:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ. «ԼՐԱԳԻՐ», 15.05.08
No comments:
Post a Comment