
Մոսկովյան եզրափակիչը ֆուտբոլի ՉԼ պատմության ընթացքում ամենաթանկարժեքն է: «Մանչեսթեր Յունայթեդ» եւ «Չելսի» հանդիպման շուրջը պտտվում էր 200 մլն ֆունտ ստերլինգ: Դրա մեջ մտնում են անցկացման ծախսերը, հեռարձակման եկամուտները, մրցանակային փողերը: Ի դեպ, այդ հանդիպման մասնակից թիմերից ամեն մեկը, անկախ խաղի ելքից, իր համար ապահովել էր առնվազն 115 մլն ֆունտ ստերլինգ: Իսկ հաղթող դարձած «Մանչեսթեր Յունայթեդը» ստացավ 85 մլն ֆունտ ստերլինգ եւ 30 մլն ֆունտ ստերլինգի էլ հավելավճարներ: Համեմատության համար նշենք, որ 2007-ին Աթենքում կայացած ՉԼ եզրափակչում «Միլանը» «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակի (2:1) համար ստացել էր 67 մլն ֆունտ ստերլինգ: Իսկ ծախսվել էր 18 մլն ֆունտ ստերլինգ: Ուշագրավ է, որ ռուսաստանցիները դժգոհում են, որ վնաս են կրել` ՉԼ եզրափակիչը Մոսկվայում անցկացնելով: Որպես փոխհատուցում կազմակերպիչները ՈւԵՖԱ-ից պետք է ստանան 3 մլն դոլար, այն դեպքում, երբ ծախսել են 30 մլն դոլարից ավելի: Սակայն շահել են ՌԴ մայրաքաղաքի սպասարկման ոլորտի ներկայացուցիչները: Հաշվարկը ցույց է տվել, որ Մոսկվա ժամանած անգլիացի յուրաքանչյուր ֆուտբոլասեր միջինը ծախսել է 650 ֆունտ ստերլինգ: Եթե հաշվի առնենք, որ Անգլիայից 40 հազարից ավելի մարդ էր եկել, ապա նրանք ծախսել են 35 մլն ֆունտ ստերլինգ:
No comments:
Post a Comment