
Նախընտրական շրջանում ՀՅԴ-ն որդեգրեց իշխանությունների անզիջում ընդդիմախոսի դերը, ինչը որոշակի ընդունելություն գտավ ընտրողների կողմից: Սակայն հիշենք, որ նախագահական ընտրությունների ամոթալի պատկերը չխանգարեց Դաշնակցությանը սկզբում ԿԸՀ-ի իր ներկայացուցչի ստորագրությամբ (թեկուզ եւ հատուկ կարծիքով ուղեկցված) վավերացնել ընտրությունների արդյունքները, իսկ հետո, հակառակ իր իսկ ներկայացուցիչների արձանագրած հարյուրավոր ընտրախախտումների, ընդունել նաեւ սեփական պարտությունը վերջնականապես լեգիտիմացնելով ընտրական խայտառակությունը:
Ձեր հիշողության մեջ պետք է որ թարմ լինեն ձեր ավագ ընկեր Հրանտ Մարգարյանի խոսքերը, թե Դաշնակցությունը թույլ չի տա, որ Հայաստանում գեթ մեկ կաթիլ արյուն թափվի, եւ եթե հարկ լինի, ձեր կուսակցությունը` որպես կենդանի պատնեշ, կկանգնի հակամարտող կողմերի միջեւ: Սակայն Հայաստանի հասարակությունը մարտիմեկյան չարաբաստիկ գիշերը ձեզ Մյասնիկյանի հրապարակում չհանդիպեց: Եվ թափվեց ձեր եղբայրների եւ քույրերի արյունը:
Հարցրեք ձեր ավագ ընկերներին, թե ինչպե՞ս եղավ, որ իրեն ժողովրդի պաշտպան հռչակած կուսակցությունը մարտի 1-ին միահամուռ հաստատեց արտակարգ դրության հայտարարումը, մարտի 4-ին կողմ քվեարկեց 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օգտին` փաստացիորեն նրանց դարձնելով քաղբանտարկյալներ, որոշ ժամանակ անց ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամները նախաձեռնեցին ինչ-որ միջնորդություն` այս անգամ արդեն ուղղված մի քանի քաղբանտարկյալի խափանման միջոցը փոխելուն, ամսի 17-ին նույն միակամությամբ քվեարկեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում հակասահմանադրական փոփոխություններ կատարելու օգտին, իսկ մայիսի 19-ին Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ «մարտի 17-ին իրենք հետքայլ են կատարել` երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման իմաստովե: Նախքան քվեարկությունն այդ հետքայլը ակնհայտ չէ՞ր: Միթե չեք տեսնում այս «կես-իշխանություն, կես-ընդդիմություն» վարքագծի ողջ անհեռանկարությունը:
Դուք կարող եք հույս դնել հասարակական մոռացկոտության վրա մտածելով, որ «սա էլ կանցնի»: Սակայն մեր պարտքն ենք համարում զգոնության կոչ անել ձեզ: Դատեցեք ինքներդ 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն ստացավ շուրջ 180 հազար ձայն, մեկ տարի էլ չանցած ձեր ավագ ընկերը ստացավ 100 հազարից քիչ ավելի քվե: Ձեզ չի մտահոգել այդ հսկա տարբերությունը: Բացատրությունները շատ չեն, բայց յուրաքանչյուրն ակնկալում է որոշակի հակազդեցություն: Սակայն դուք լռում եք: Դուք հարմար եք գտնում չարձանագրել, որ ՀՅԴ հայաստանյան ղեկավարությունը կուսակցությանը հասցրեց այնպիսի անկման, որպիսին չէր հաջողվել անգամ սովետական ՊԱԿ-ին: Դուք չեք նկատում, որ ձեր ավագ ընկերների թեթեւ ձեռքով դուք ստանձնում եք թափված արյան պատասխանատվությունը կիսելով այն մարտիմեկյան մարդասպանների հետ:
Մենք դիմում ենք ձեզ? որպես գիտակից եւ գաղափարապաշտ երիտասարդների, որոնց համար, ի տարբերություն մենուահարությունյանների եւ էդուարդշարմազանովների, հայրենիքն առավել գերակա արժեք է, քան կուսակցական որոշումները: Մենք խնդրում ենք ձեզնից դրսեւորել քաղաքական կամք եւ բացատրություն պահանջել ձեր ավագ ընկերներից ձեզ նման աննախանձելի քաղաքական ժառանգություն թողնելու համար: Մենք հուսով ենք, որ ապագայում դուք չեք ցանկանա ղեկավարել մի կուսակցություն, որի բազմամյա դրոշը թաթախված լինի կեղծիքներով, դավաճանությամբ եւ սեփական ժողովրդի արյամբ: Ձեր ավագ ընկերներն արդեն հայտնվել են հասարակական պարսավանքի մամլիչի տակ: Կոչ ենք անում ձեզ խուսափել այդ ճակատագրից եւ պահպանել Դաշնակցությունը Հայաստանի ապագայի համար:
Հուսով «Վեր կաց» քաղաքացիական հոսանք
verkats@yahoo.com
No comments:
Post a Comment