Tuesday, May 27, 2008

Զեկույց Թուրքիայի վերաբերյալ.

«PanARMENIAN.Net», 22.05.08: Եվրոպական խորհրդարանը նախօրեին ընդունել է հոլանդացի խորհրդարանական Ռիա Օօմեն-Ռյույտենի հեղինակած զեկույցը Թուրքիայի մասին, որով կոչ է արվում թուրքական կառավարությանն արագացնել բարեփոխումների իրագործումը: Զեկույցը խորհրդատվական բնույթ է կրում: Եվրախորհրդարանը մերժել է ընդունել մի շարք ֆրանսիացի խորհրդարանականների կողմից առաջարկված ուղղումները 1915 թվականի իրադարձությունների մասին: Մինչդեռ, ուղղում է ընդունվել մայիսի 1-ի ակցիային մասնակիցների հանդեպ ուժի կիրառման վերաբերյալ: Այդ ուղղման մեջ նշվում է, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վերանայումը բավարար չէ եւ Թուրքիայի խորհրդարանը պետք է վերանայի ուղղումը:
Զեկույցում նշվում է նաեւ, որ Եվրախորհրդարանն ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ստանձնած պարտավորությունները, ըստ որի 2008 թվականը պետք է դառնա բարեփոխումների տարի: «Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը կանոնավոր քայլեր ձեռնարկել եւ ապահովել ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական ղեկավարության լիակատար պատասխանատվությունը ներքին, արտաքին եւ պաշտպանական քաղաքականության ձեւավորման եւ զինված ուժերի կողմից այդ քաղաքացիական պատասխանատվությունը հարգելու հարցում», ասվում է փաստաթղթում եւ ընդգծվում է խորհրդարանական վերահսկման հաստատման անհրաժեշտությունը ռազմական եւ պաշտպանական քաղաքականության ոլորտում»:
Զեկույցը նաեւ կոչ է անում Թուրքիայի կառավարությանն ու խորհրդարանին չեղյալ հայտարարել 301-րդ հոդվածը, քայլեր ձեռնարկել արտահայտվելու ազատությունն ապահովելու համար, ինչպես նաեւ հետաքննել «Էրգենեկոն» ծայրահեղական կազմակերպության գործունեությունը: Փաստաթուղթը ողջունում է երկրում Կրթության մասին օրենքի ընդունումը եւ նշում է, որ Եվրահանձնաժողովը պետք է պարզի՝ վերաբերում է դա արդյոք այն բոլոր խնդիրներին, որոնց հետ բախվում են ոչ մահմեդական կրոնական համայնքները, մասնավորապես, երրորդ կողմին վաճառված առգրավված սեփականության հարցում:
Բացի այդ, «զեկույցը» դատապարտում է «Քրդական աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության բռնի գործողությունները եւ Եվրախորհրդարանի համերաշխությունն է հայտնում Թուրքիային՝ ահաբեկչության դեմ պայքարում: Փաստաթուղթը կոչ է անում Իրաքի կառավարությանը եւ տարածաշրջանային քրդկան իշխանություններին թույլ չտալ օգտագործել Իրաքի տարածքը ահաբեկչական ռազմակայանների տեղակայման համար:
Փաստաթուղթն ընդգծում է Կիպրոսի հարցի լուծման անհրաժեշտությունը ՄԱԿ-ի սահմաններում՝ նշելով, որ թուրքական զորքերի դուրս բերումը կնպաստի խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին:

No comments: