Saturday, May 17, 2008

Ո՞ւր ենք փախչում

«Նա է միայն արժանի ազատության եւ կյանքի, ով ամենօրյա պայքարով նվաճում է նրանց»: Գեոթե Այս տարի եւս, ինչպես նախորդ տարիները, ոգեկոչեցինք մեր բյուրավոր նահատակների հիշատակը եւ դարձյալ վերհիշեցինք մեր բռնաբարված իրավունքների մասին: Կրակոտ լոզունգներով, գիտական սեմինարներով, այստեղից ու այնտեղից հրավիրված բանախոսներով, հանրահավաքներով ու ցույցերով հրապարակ եկանք եւ երբ մայր մտավ ապրիլյան արեւը, կարծես ամեն ինչ իր նախկին հունին վերադարձավ՝ մենք կատարեցինք մեր ազգային պարտքը եւ էլ բան չմնաց կատարելու մինչեւ գալիք տարվա Ապրիլի 24-ը: Հայկական բոլոր հիմնարկները, աշխատատեղիները եւ դպրոցները արձակվեցին: Եկեղեցիներում Ս. Պատարագ մատուցվեց, ծաղկեմատուցման ու մոմավառման օրեր եւ երեկոներ կազմակերպվեցին, միություններում կազմակերպվեց դասախոսություններ եւ այլ ձեռնարկներ եւ իհարկե բոլորն էլ հավուր պատշաճի… Իսկ այդ ամենից ինչ փոխվեց նախ եւ առաջ մեր մեջ, ապա մեր շրջապատում եւ ի վերջո ամենից կարեւորը՝ ինչ առաջընթաց ապրեց մեր դատը ներազգային եւ միջազգային գետիններում: Երեւի նույնիսկ գրիչն է հոգնել անընդհատ հայ ժողովրդի գլխից անցածի՝ ջարդի, ավերման, արյան ու բռնագաղթի մասին գրելուց: Պարզ է, որ պատմության միանվագ կրկնումը ոչինչ չի տալու, ո՛չ մեզ, ո՛չ էլ ուրիշներին, եթե պատրաստ չենք նրանից դասեր քաղելու: Անցյալն այսօր բացակա է… Մենք չենք կարող թափառական հրեայի դերը մեր վրա վերցնելով, շարժել աշխարհի գութը: Իրավունքը մուրալով, խղճահարելով ձեռք չեն բերում: Հոգով աղքատացած հասարակությունը գուցե կարողանա կշտացնել իր փորը, բայց ապագա կերտել վստահաբր չի կարող, փաստը՝ Ամերիկա գաղթող «Նոյյան ագռավների» այսօրն ու ապագան՝ ընդամենը մեկ-երկու սերունդ էլ հայ են ու վերջ: Արեւմտյան բարիքները համրացնում, խուլացնում ու կուրացնում են ցանկացած մարդու՝ ամենաազգայնական մարդը նույնիսկ այդ մեծ ձուլարանում հալվում ամերիկացի է դառնում՝ «Պապից ավելի պապական»: Ու Գուցե այս տողերը նույնիսկ անճարակությունից թափված արցունքների տպավորություն թողնեն, բայց եւ ճար չկա պիտի գրել ու դարձյալ շեշտել, որ մարդս ապրում է ոչ միայն հացիվ, այլ նաեւ բանիվ: Թե ոչ, էլ ինչ հա՜յ, ինչ Հայաստա՜ն: Մեր պապերն էլ եթե նույն կերպ մտածեին ու վարվեին, ինչ վարվում են մերօրյա հայերը երեւի երբեք էլ Հայոց ցեղասպանությունը իրականություն չդառնար եւ գուցե, նույնիսկ, այսօր ինչ-որ մի Ռոստոմ, Ռուբեն կամ Սիմոն «Օսմանյան մեծ հայրենիքի» նախագահը կամ վարչապետը լիներ եւ մենք էլ ապրեինք «առոք, փառոք՝ թրքավարի»… Իսկ այդ տեսակ ապրելու համար երբեք էլ ուշ չէ: Միշտ էլ սրբություններդ՝ ազգություն, հավատք, հայրենիք, անկախություն,… գնողներ գտնվում են, պարզապես արժեքներն են տարբեր, միայն թե դու մի խոսիր քո պատմության մասին, մի պահանջիր քո ոտնահարված իրավունքը եւ տես թե ոնց են օտարները՝ թուրքը, հրեան ու ամերիկացին, քեզ համար «փայլուն ապագա կերտում»… Նոր չէ, որ մենք գիտենք այդ մասին: Դեռ հազարամյակներ սրանից առաջ նույն լեզվով էր Բելը խոսում Հայկի հետ, իսկ որոշիչը դարձավ հայկյան եռասայր նետը, ոչ թե թշնամու պատրանքաբույր խոստումները… Մեր պապերն էլ իրենց պապերից սովորել էին, որ հավատքը վաճառքի չի դրվում, սակայն այսօր մարդիկ իրենց ամեն ինչն են աճուրդի հանում եւ տալիս են ամենաէժան գնով, միայն թե փախչեն, «փրկվեն» իրենց իսկությունից ու դառնան ամերիկացի, եվրոպացի կամ ինչ-որ այլ բան, բայց ոչ այն ինչ կան, մոռանալով, որ ինքնությունից կտրվելով կտրվում են նախ եւ առաջ հենց իրենցից՝ հայկականությունից, որի համար դարերի ընթացքում թափվել է մեր այդքան թանկ արյունը… Թշնամին գործում է դանդաղ, հաշվարկված եւ համբերատար, իսկ մենք ի՞նչ ենք անում նրա դեմն առնելու համար: Արդյո՞ք գիտակցում ենք ընդհանուր դրությունը կամ գոնե գիտենք ո՞րն է մեր շահը: Այստեղ, իհարկե, խոսքը ազգային շահի մասին է եւ ոչ թե անհատական, քանզի այդ մեկը լավ են ջոկում բոլորը: Եվ եթե իսկապես գիտակցում ենք թե որն է մեր շահը, այդ դեպքում ո՞ւր ենք փախչում:

No comments: