Monday, June 23, 2008

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԻՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ

Սա սովորական եւ ընտրական իրավիճակ չէ, քանի որ եղել է մարտի 1, թաթար-մոնղոլական իշխանությունը կրակ է բացել սեփական ժողովրդի վրա: Հունիսի 20-ի հանրահավաքի իր ելույթը այդպես է սկսել առաջին նախագահ, համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը տեղի է ունեցել Մատենադարանի հրապարակում, այն բանից հետո, երբ շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հետ մոտ քսան-քսանհինգ րոպե տեւած բանակցությունից հետո փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, հեռախոսով խոսելով ինչ որ մեկի հետ, թույլ տվեց, որ ոստիկանությունը բացի Մատենադարանի հարթակ տանող ճանապարհն ու ժողովուրդը, որ հավաքվել էր Մաշտոց-Կորյուն խաչմերուկի վրա, բարձրանա Մատենադարան:
Հանրահավաքի մասնակիցների ելույթները հիմնականում եղել են կարճ, քանի որ հանրահավաքը, ձայնային տեխնիկայի ուշացման պատճառով, սկսեց ժամը 18-ի փոխարեն ժամը 20-ին: Սակայն հավաքված մի քանի տասնյակ հազար բազմությունը, որ Մատենադարանից հասնում էր մինչեւ Պոնչիկանոց, ոչ միայն չէր պակասում սպասումից, այլ ավելանում էր; Քաղաքացիները բնականաբար հիմնականում ցանկանում էին լսել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Դա իրենց ելույթներում նշում էին նաեւ հռետորները եւ կարճ կապելով հաջորդում իրար, իրենց խոսքի առանցքը դարձնելով վստահությունը, որ համաժողովրդական պայքարը հաղթանակելու է, քանի որ ժողովուրդը վճռական է ու հաստատուն:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոսելով մարտի 1-ի աննախադեպ ոճրագործության մասին, հայտարարել է, թե վստահ է, որ վաղ թե ուշ ոճրագործները պատասխան են տալու, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ, ժողովրդի հետեւողական պայքարի շնորհիվ, կանգնելու է Հաագայի ռազմական դատարանի առաջ, որպես մարդկության դեմ հանցանք գործած անձնավորություն: Մինչեւ այդ, Դավիթ Շահնազարյանն իր ելույթի մեջ նշել էր, թե պահանջում են, որ անհապաղ կալանավորվի մարտի 1-ի գլխավոր հրահանգիչ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսովը, ով ըստ Դավիթ Շահնազարյանի ղեկավարել է մարտի 1-ին ուժային գործողությունները, ինչպես նաեւ այդ ոճրագործությունը պարտակող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Անցնելով իր բուն ելույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանը կատակով դիմել է ժողովրդին, խնդրելով հանգիստ լսել իրեն եւ չենթարկվել հիպնոսության կամ հոգեխանգարմունքի: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է հունիսի 20-ի հանրահավաքի երկու հիմնական նպատակները: Առաջին, ըստ առաջին նախագահի, այն է, որ իշխանություններին եւ միջազգային հանրությանը ցույց տային ժողովրդի հաստատակամությունը, ցույց տային այն, որ թեեւ եղել է կեղծիքով ընտրություն եւ այն գնահատվել է դրական, սակայն Հայաստանի ազատ եւ գիտակից ժողովուրդը չի ընդունելու այդ ընտրության արդյունքը եւ իշխանությունը լինելու է ոչ լեգիտիմ:

Մյուս նպատակը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դա ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ եվրոպական բյուրոկրատիային հասկացնելն էր, որ դադարեն հայ ժողովրդի հանդեպ ռասիստական, երրորդ աշխարհի երկրների ժողովուրդների հանդեպ վերաբերմունքին բնորոշ վերաբերմունք ցույց տալը:
Անդրադառնալով 1609 բանաձեւի կատարմանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե այդ բանաձեւում իրեն հետաքրքրող միակ դրույթը քաղբանտարկյալների վերաբերյալ դրույթն է: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ մյուս երկու դրույթները, որ վերաբերում են օրենքների փոփոխության պահանջին, ինքը այդքան էլ կարեւոր չի համարում, քանի որ միեւնույն է, ինչպես էլ փոխվեն օրենքները, Հայաստանի իշխանությունը դրանք ոտնահարել է եւ ոտնահարելու է, եւ ինքը նույնիսկ եվրոպացիներին է բազմիցս ասել, որպեսզի նրանք ցույց տան ցանկացած ոլորտի հայաստանյան գեթ մեկ օրենք, որ Հայաստանի իշխանությունը չի ոտնահարել, եւ եվրոպացիները չեն կարողացել այդպիսի օրենք ցույց տալ:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ եւս մեկ անգամ է պատրաստ իշխանությանը կոչ անել ազատ արձակել քաղբանտարկյալներին, որից հետո ինքը երկխոսության կնստի իշխանության հետ: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եթե իշխանությունը մինչեւ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի հարցի քննարկումը բաց թողնի բոլոր քաղբանտարկյալներին, ապա ինքը պատրաստ է երկխոսության ե Եվրախորհրդին էլ համաժողովրդական շարժման անունից կոչ կանի Հայաստանի հանդեպ չկիրառել այն պատժամիջոցները, ինչի մասին որ խոսվում է:
Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե ԵԽԽՎ հայաստանյան հարցի զեկուցող Կոլոմբիեն հայտարարել է, որ չգիտե` Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ: «Բա եթե դա չգիտես, ինչպես ես զբաղեցնում այդ պաշտոնը»
, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լեւոն Տեր Պետրոսյանը դիմել է Սերժ Սարգսյանին, դիմել է դու-ով, ասելով Սերժ, եւ նշելով, թե դա անում է, որովհետեւ Սերժ Սարգսյանը ժամանակին իր ընկերն է եղել եւ դա թե իրեն, թե նաեւ Սերժ Սարգսյանին էլ, տալիս է դու-ով դիմելու իրավունք: Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին համարելով նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ` հեռակա հարց է ուղղել նրան, ասելով, թե սա ինչ խելագարություն է` երկրում առաջացնել քաղբանտարկյալների այդ խնդիրը եւ լարվածության մեջ պահել ամբողջ հանրությանը, ինչը իշխանությանը թույլ չի տալիս իր գործառույթը իրացնել, իսկ հանրությանն էլ կատարել իր սովորական աշխատանքային եւ ընտանեկան պարտականությունները: Միթե չի կարելի այդ հարցը լուծել մեկ զանգով, մեկ գիշերում, եւ լիցաքաթափել լարվածությունը, հարցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը միտինգի ամբիոնից: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հոգեկան այդ խռովքի վիճակը պետք է հաղթահարվի:

Առաջին նախագահը նաեւ մանրամասնել է երկխոսության մասին իր պատկերացումը, ասելով, թե դա ամենեին էլ սակարկություն եւ առեւտուր, պաշտոնի ակնկալիք չէ, քանի որ իրենց պաշտոն տվել է ժողովուրդը եւ իրենց այդ պաշտոնն ավելի թանկ է պետական պաշտոններից: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ լուծումը արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են, իսկ երկխոսությունը կարող է լինել խաղի կանոնների, այսինքն դեմոկրատիայի վերաբերյալ: Նա հայտարարել է, թե իշխանությունը թող իր ներկայիս քարոզչամիջոցներով իր խոսքը փորձի հասցնել ժողովրդին, իրենք էլ իրենց քարոզչամիջոցներով, եւ թող համոզեն ժողովրդին իրենց ճշմարտացիության մեջ: «Ինչու եք վախենում խոսքից», հարցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանությանը:
Նա հայտարարել է, թե համաժողովրդական շարժումն ուրախ կլիներ, եթե իշխանությունը, թեկուզ ոչ լեգիտիմ, որեւէ լավ բան արած լիներ ժողովրդի համար, սակայն Սերժ Սարգսյանը բացի Ռոբերտ Քոչարյանի կադրերի տեղափոխումից, որեւէ այլ բան չի արել:
Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ այդուամենայնիվ, քանի որ իրենք ռեալ են նայում իրավիճակին եւ հասկանում են, որ իշխանությունը, թեկուզ բռնազավթված, այդուամենայնիվ առկա գործոն է, ապա պատրաստ են այդ գործոնը հաշվի առնել եւ երկխոսել նոր ընտրություններ անցկացնելու խաղի կանոնների շուրջ, եւ իրենք այդ կանոնների շրջանակում, որպես օրինական, խաղաղ եւ անզեն շարժում, հավատարիմ են մնալու իրենց այդ կեցվածքին: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ առումով դիմել է հավաքվածներին, ասելով, թե վարչախմբին զայրացնում է հենց շարժման կարգապահությունն ու կազմակերպվածությունը, եւ ինքը կոչ է անում ժողովրդին շարունակել այդպես եւ վստահել ու անսալ համաժողովրդական շարժման կենտրոնի խնդրանքներին: Տեր-Պետրոսյանը հանրությանը խնդրել է առանց որեւէ երթի խաղաղ գնալ տուն, ինչը եւ տեղի է ունեցել: Մինչեւ այդ հանրությանը հայտարարվել է հաջորդ հանրահավաքի օրը` հուլիսի 4, երբ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկված կլինի Հայաստանի հարցը եւ հնարավորություն կլինի ամփոփել տեղի ունեցածն ու հստակեցնել անելիքը:

No comments: