Wednesday, June 25, 2008

Իսլամն Ադրբեջանում

«ԺԱՄԱՆԱԿ» 17-06-2008 : «Հայաստանը եւ հայությունը գլոբալ զարգացումներում» խորագրով նորավանքյան ընթերցումների շրջանակում հունիսի 6-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հյուրն էր արաբագետ Արաքս Փաշայանը: Նորավանքյան հերթական դասախոսությունը վերաբերում էր մեզանում գրեթե չուսումնասիրված թեմային` «Իսլամն Ադրբեջանում»:
Արաքս Փաշայանի հետազոտությունը նվիրված է Ադրբեջանում իսլամի ուսումնասիրությանը, որն ունի թե? գիտական, թե? քաղաքական կարեւորություն եւ օգնում է հասկանալ Ադրբեջանի քաղաքակրթական եւ մշակութային կողմնորոշումների տրամաբանությունը:
Զեկուցման մեջ քննարկվում է իսլամը` պատմական համատեքստում, իսլամը` որպես կրոն, կենսակերպ եւ մշակույթ, ինչպես նաեւ Ադրբեջանի անկախությունից ի վեր իսլամի ակտիվացումը, այդ հարցում արտաքին գործոնի ազդեցությունը, իսլամը` որպես ազգային ինքնագիտակցության դրսեւորում, դրա քաղաքականացումը եւ հեռանկարն Ադրբեջանում:

Արաքս Փաշայանը նշեց, որ Ադրբեջանն աչքի է ընկնում իսլամի յուրահատուկ նկարագրով եւ համարվում է իսլամի ավանդական տարածման շրջան: Մահմեդական բնակչության մոտ 70 տոկոսը շիաներ են, 30 տոկոսը` սուննիներ: Ադրբեջանը աշխարհի այն բացառիկ իսլամական պետություններից է, որտեղ շիաները բնակչության մեծամասնությունն են կազմում:
Շատ դեպքերում շիա եւ սուննի ուղղությունները հանդես են գալիս միաձուլված վիճակում եւ երկրում կան նույնիսկ խառը մզկիթներ, որտեղ հերթականությամբ կամ համատեղ աղոթում են սուննիներն ու շիաները, ինչն իսլամական աշխարհում հազվադեպ երեւույթ է: Ադրբեջանական իշխանությունները սիրում են ընդգծել, որ իրենց իսլամն «ազգային իսլամն է», փորձում են ստեղծել ադրբեջանական իսլամի բրենդ` ձգտելով պահպանել անկախությունը միջազգային իսլամական կենտրոնների հնարավոր ազդեցություններից: Երկրում շիականության տիրապետող լինելու տրամաբանությունը հակոտնյա է Ադրբեջանի թյուրքական կողմնորոշմանը:

Ադրբեջանում իսլամի յուրահատկությունը ըստ էության կապված է ադրբեջանցիների էթնիկ ծագման հետ, որի վերաբերյալ կան գիտական երեք հիմնարար տեսակետներ: Ըստ այդմ` ադրբեջանցիները կա?մ իրանական, կա?մ թյուրքական, կա?մ կովկասյան ծագում ունեն:
Կովկասի իսլամականացումը, որտեղ ընդհուպ մինչեւ 20-րդ դարը իրականացել է ադրբեջանցիների ազգային ձեւավորումը, սկսվել է դեռեւս 7-րդ դարում: Սկսած 16-րդ դարից Սեֆեվինները ընդունեցին շիիզմը` որպես պետական գաղափարախոսություն: Այս ուղղությունը արմատավորվեց Ադրբեջանում, որը պարսկական տիրապետության արեալում էր, չնայած երկրում պահպանվեց նաեւ սուննիզմը, քանի որ հյուսիսային շրջաններում պարսկական տիրապետությունը թույլ էր:
19-րդ դարում Ադրբեջանում կար հակասություն սուննիների եւ շիաների միջեւ, ինչը հրահրվում էր նաեւ Ռուսաստանի կողմից: Այս շրջանում շիաները իրենց համարում էին իրանական աշխարհի մի հատվածը, իսկ սուննիները թյուրքական ուղղվածություն ունեին: Սուննի-շիա հակասություններին զուգահեռ կար ազգային ինքնության որոնման հարց: Խնդիր այն է, որ ադրբեջանցիները հստակ պատկերացում չունեին իրենց ծագման եւ ինքնության վերաբերյալ:

Պաշտպանվում էին ադաթները: Իսլամը, սակայն, ազգային ինքնության միայն մի փոքր մասն էր կազմում, որի հիմնական բաղադրիչը թյուրքականությունն էր: Անկախության հաստատումից հետո Ադրբեջանցիների մեծ մասն իրեն համարում էր մահմեդական` չնայած սեփական կրոնի ոչ համապարփակ իմացությանը կամ գրեթե չիմացությանը: Իսլամական ծիսակարգին հետեւող հավատացյալները կազմում է բնակչության 1/10-ը:
Գաղափարախոսական դաշտում իրավիճակը որոշակիորեն հավասարակշռվեց Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո: Ադրբեջանում սկսեցին նշվել բոլոր իսլամական տոները, երկրում գործում է մինչեւ 1700 մզկիթ:
Հետագայում Ադրբեջանում խորացող սոցիալական լարվածությունն ի հայտ բերեց իսլամի քաղաքականացման միտումներ: Իսլամական կառույցների գործունեությունն առավել արդյունավետ է սոցիալապես անապահով շրջանակներում, որոնք պետության անգործության ֆոնի վրա իսլամի մեջ նեցուկ են տեսնում: Այս առումով իսլամը զգալի ներուժ ունի` դառնալու գաղափարախոսական հենք սոցիալ-քաղաքական շարժումների համար: Այսպիսով, Ադրբեջանում իսլամական գործոնի ակտիվացմանը նպաստեցին ադրբեջանական հասարակության մեջ առկա սոցիալական խնդիրները, հասարակության բեւեռացումը եւ կոռուպցիան, որոնք հիասթափության հանգեցրին ավանդական արժեքների նկատմամբ:

Կրոնական հարթության մեջ այսօր կա մի քանի միտում: Առանձին շրջանակներ առաջ են քաշում իսլամը պետական կրոն հռչակելու գաղափարներ: Երիտասարդության եւ մտավորականության առանձին շերտերի մեջ նկատվում է կրոնականացվածություն: Ադրբեջանում, օրինակ, հարց է բարձրացվել բազմակնության եւ ժամանակավոր ամուսնության վերաբերյալ օրենք մտցնելու մասին: Մյուս միտումը սուննիականացման միտումն է, որը, սակայն, տոտալ բնույթ չի կրում, բայց հստակ քաղաքական ենթատեքստ ունի:
Ըստ այդմ` շիա իսլամն ադրբեջանցիներին հեռացնում է իրենց թուրքական ազգակիցներից եւ մերձեցնում իրանցիներին: Մերժելով շիա իսլամը` սուննիներն այն համարում են հեթանոս բաղադրիչներով հագեցած եւ իրանցիների կողմից աղճատված: Շիա իսլամը հաճախ դիտարկվում է որպես հետամնացություն կամ իրանամետություն: Սակայն սոցհարցումների 60 տոկոսը վկայում է, որ հասարակության պահանջը աշխարհիկության պահպանումն է:
Ըստ Արաքս Փաշայանի` Ադրբեջանում հեռավոր ապագայում չեն կարող քաղաքական նշանակություն ձեռք բերել ո?չ ավանդական ուղղությունները, ոչ էլ ավանդական հոսանքները, քանի որ ծայրահեղ անհանդուրժողականություն է տրամադրված շիականության նկատմամբ, եւ ոչ էլ իրանական մեկնաբանությամբ շիիզմը, քանի որ Ադրբեջանն ունի հստակ թյուրքական կողմնորոշում:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

No comments: