Thursday, June 19, 2008

ՏԱՃԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ
1935թ. Թուրքիայում բռնկվեց քրդերի ապստամբությունը: Դրա ճնշման մասնակցում էր նաեւ Թուրքիայի առաջին կին օդաչուն` Սապիհա հանըմ Գյոլքեն (իրականում հայուհի Խաթուն անունով, որին չորս տարեկան հասակում որդեգրել էր հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը): Ամառային այդ օրը Սապիհան պետք է ռմբակոծեր քրդական ապստամբության կենտրոնը` Դիարբեքիրը: Դուրս գալով խարսխակայանից` նա ուղղություն վերցրեց դեպի նշանակետը, բայց հետո... ինքնաթիռի ղեկը կտրուկ թեքեց դեպի իր ծննդավայրը` Ուրֆա... ու ռմբակոծեց թուրքական մզկիթը: Լուրը հասցրին նախագահ հորը, որն իր սիրեցյալ դստերը դիմավորեց Ադանայի մոտ գտնվող Ախարճա ռազմակայանում` Կիլիկիայի հայկական բանակի երբեմնի զորակայանում: Այն հիմա թուրքերը կոչում են Ինջիռլիք: Սեւեռուն հայացքով զննելով հաճելիորեն շառագունված ու ոչ շփոթմունք չարտահայտող դստեր դեմքը Քեմալն ասաց.
- Դուք, հայերդ, տառապում եք կարոտախտով ... ու չպետք է բուժվեք այդ հինավդությունից:

ԿԱՐՈՏ
1939թ.: Ֆրանսիան, Կիլիկիան զոհաբերելուց հետո, հիմա էլ իր հովանավորության տակ գտնվող Սիրիայի մասը կազմող Ալեքսանդրետի գավառն (Իսկենդերունի սանջակը) էր հանձնում «դաշնակից» Թուրքիային: Գավառի 40000 հայերը, հակառակ թուրք եւ ֆրանսիացի քաղաքական գործիչների չգաղթելու վերաբերյալ հորդորներին, որոշում են գաղթել: Ներխուժող թուրքական բանակի գնդապետը իր մեքենան նորոգող երիտասարդ վարպետին հորդորում է.
- Էվլադըմ (զավակս), Բաղդասար, դու մի գաղթի, Իսկենդերունի լավագույն տունը քեզ կտամ, ոչ ոք քո մազին անգամ չի դիպչի... մենք առաջվա վայրենի թուրքերը չենք...
- Չէ, իմ հայրենակիցները մեկնում են, ես էլ պիտի գնամ...
- Լավ... ինչպե՞ս վարձահատույց լինեմ աշխատանքիդ համար...
- Տուր քո հեռադիտակը` վերջին անգամ նայեմ իմ ծննդավայրին,- նայելով հազիվ երեւացող Չօք Մարզվան գյուղաքաղաքին` ասաց հայ արհեստավորը...

ԲՌՆՑՔՎԱԾ ՈԳԻ
1985թ., Բուդապեշտ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հանդիպում են հայ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը եւ թուրք Այկաչը:
Տրիբունաներում գտնվող իր մեծաքանակ հայրենիկիցների աջակցությունից ոգեւորված Այկաչը դիմում էր բուռն գրոհների: Մոլեգնած թուրք հանդիսականը, ժամանակ առ ժամանակ, բացականչում էր. «Թալեաթ փաշա, Թալեաթ փաշա»:
Եղեռնի 70-ամյակը նշող ժողովրդի համար հայ ժողովրդի դահճի անունը նշելը պատահական չէր: Բեռլինում, հայ վրիժառուի կողմից գնդակահարված, 1943թ. Թուրքիային հանձնված Թալեաթի դիակը 1981թ. մարտի 15-ին ամենամեծ պատիվներով հողին էր հանձնվել Ստամբուլի ազգային հերոսների դամբարանում:
Ու հանկարծ թուրքերը լռեցին: Մեկ ակնթարթ պահանջվեց հայ բռնցքամարտիկից, որ նրա ուժգին հարվածից Այկաչը հայտնվի ռինգի հատակին: Տիրեց լռություն ու լռության մեջ հայերենով հնչեց. «Կեցցե Սամսոնը, կեցցե Հայաստանը» ու հետո նույնը կրկնվեց թուրքերենով:

ԳԵՆԵՐԱԼԻ ՏՂԱՆ
Ցարական բանակի հայ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովը Շուշիում դիտում էր ժողովրդական տոնախմբությունը: Ասպարեզը տրամադրել էին ըմբիշներին: Գեներալի կրտսեր տղան, մեկը մյուսի հետեւից, գետնեց իր բոլոր մրցակիցներին: Վերջին մրցակիցը իր ավագ եղբայրն էր: Բոլորը շունչները պահած հետեւում էին ըմբիշներին: Գեներալը համոզված էր, որ ավագը կհաղթի, թեկուզ չհաղթի էլ, կրտսերը, հանուն պատշաճության, ժողովրդի առջեւ չի գետնի ավագին: Բայց ահա, ըստ ականատեսի, կրտսերը թափ առավ ու «զմփալեն գետնով տվեց» ավագ եղբորը: Հաղթանակը ամենեւին էլ չուրախացրեց գեներալին: Նայելով իր առջեւ կանգնած կրտսեր տղային ու ներքուստ հիանալով նրա ամուր կազմվածքով, գեներալը հանդիմանում է նրան.
- Ինչպե՞ս չամաչեցիր, մեծ եղբորդ մեջքը էդքան մարդու մոտ գետնով տվիր:
Հայրիկ, երբ որ ծնվեց մեծ եղբայրս, դու գնդապետ էիր, իսկ երբ ես ծնվեցի, դու գեներալ էիր` ամոթ չէ՞ գեներալի տղան պարտվի գնդապետի տղայից...

No comments: