Thursday, June 19, 2008

ՕԳՈՍՏՈՍԻ 17-23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Օգոստոսի 17-23-ին Հայաստանում եւ Արցախում կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երրորդ փառատոնը, որին կմասնակցեն արվեստագետներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից: Փառատոնի անցկացման համար Հայաստանի պետբյուջեից հատկացվել է 160 մլն դրամ (մոտ 533 հազ. ԱՄՆ դոլար):
Ըստ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Թամար Պողոսյանի, փառատոնի աշխատանքները համակարգող խումբն արդեն առաքել է պաշտոնական հրավերներ համահայկական բոլոր կառույցներին, իսկ դեսպանատների միջոցով պաշտոնապես հրապարակվել են փառատոնին մասնակցության պայմանները:
Թ.Պողոսյանը նաեւ հայտնեց, որ մշակվել է համահայկական փառատոնի նոր հայեցակարգ, որը բխում է ՀՀ կառավարության ծրագրից եւ Ազգային անվտանգության հայեցակարգային դրույթներից: Ըստ նրա, այս տարի փառատոնն անցկացվելու է երկու հիմնական ուղղություններով` ինքնագործ արվեստի փառատոն եւ Սփյուռքի մշակութային միությունների եւ համայնքների ղեկավարների հավաք:
Փառատոնի շրջանակներում կանցկացվի գրականության, թատրոնի, կինոյի, երաժշտության եւ հայ մամուլի շաբաթ, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին նվիրված հավաք: Թեեւ բուն միջոցառումներն անկացվելու են օգոստոսին, սակայն այս տարի փառատոնն ընդհանուր առմամբ տեւելու է 5 ամիս:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը դարձել է համազգային տոնախմբություն: Այն հնարավորություն է տալիս միասնական ուժերով ներկայացնել մեր ազգային մշակույթը եւ համախմբվել «Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ հայրենիք» գաղափարի շուրջ,- ասել է Թ. Պողոսյանը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց նաեւ, որ 2004թ.-ից սկսած փառատոնը դարձել է ավանդական:

No comments: