
Դեռեւս Սահմանադրության փոփոխության ժամանակից, հանրային կարծիքը, առնվազն փորձագիտական հանրությունը գրեթե համոզված էր, որ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը փոխում է, խորհրդարանի եւ վարչապետի դերը բարձրացնում է, որպեսզի նախագահության ժամկետի ավարտից հետո ստանձնի վարչապետի պաշտոնը: Կար նաեւ փորձագիտական հանրության մի զգալի մաս, որը համոզված էր, որ Քոչարյանը Սահմանադրությունը փոխում է, որպեսզի հետո նոր Սահմանադրության հանգամանքին հղում անելով իրենք վերապահի նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու իրավունք, ասելով, թե դա ոչ թե երրորդ անգամն է, ինչն արգելված է Սահմանադրությամբ, այլ առաջին անգամ, քանի որ արդեն Սահմանադրությունը նոր է: Սակայն, ինչպես տեսնում ենք, թե մեկը, թե մյուսը իրականություն չդարձան: Ռոբերտ Քոչարյանը չուներ այդօրինակ իրականության ցանկություն, թե պարզապես չկարողացավ իրականացնել իր այդ ցանկությունը: Եթե նա չուներ այդպիսի ցանկություն, ապա բնական հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված վերադառնալու նրա ներկայիս ցանկությունը: Թե այդ մասին կանխատեսումներն էլ իրատեսական են այնքան, որքան նրա երրորդ ժամկետ մնալու կամ վարչապետ դառնալու ցանկությունները: Եթե նա չկարողացավ այն ժամանակ լուծել իր մնալու խնդիրը, ապա ինչ է փոխվել այժմ, որ լուծի վերադառնալու հարցը: Արդյոք մնալն էր հեշտ լուծելի, թե ավելի հեշտ էր գնալ ու հետո վերադառնալ, եւ դրա համար էլ Քոչարյանն ընտրեց այդ մարտավարությունը: Միգուցե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր համակարգին ցույց տալ, որ առանց իրեն գործերը կլինեն վատ: Իսկ միգուցե նա կարծում էր, որ իր հեռանալուց մի քանի օր անց համակարգը նրան կխնդրի վերադառնալ, բայց հիմա օրերն անցնում են, համակարգը չի խնդրում, հետեւաբար պետք է չմնալ դրա խնդրանքի հույսին եւ գործուն միջոցներ ձեռնարկել վերադարձի համար, քանի իրեն ընդհանրապես չեն մոռացել, անգամ դեմքով:
Ամեն դեպքում, կարծես թե այդքան էլ նախանձելի չէ Ռոբերտ Քոչարյանի վիճակը: Բանն այն է, որ անգամ եթե հիմա նա է համակարգի խնդիրները լուծում, նա է կայացնում որոշումները եւ նա է ղեկավարում իրականում պետական մեքենան, կամ առնվազն կատարում է համանախագահի դեր` Սերժ Սարգսյանի հետ միասին, միեւնույն է, մայիսի 28-ը տարին մեկ անգամ է, որպեսզի հիշեցնես քո մասին: Նույնիսկ սեպտեմբերի 21-ը չի լրացնի այդ բացը, եւ անգամ ամանօրյա ուղերձով շատ դժվար կլինի արդեն մնալ հանրային եւ համակարգային մտապատկերում, որպես որոշումների տիրակալ: Ռոբերտ Քոչարյանին աստիճանաբար հիշելու են միայն խնդիրների մասին խոսելիս, որ առաջացել են կամ խորացել նրա կառավարման տարիներին եւ դարձել ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամի պատճառ: Եվ նրան թույլ չեն տալու վերադառնալ, այլապես թույլ կտային մնալ, կամ կպահեին ամեն գնով: Ռոբերտ Քոչարյանը հիմա ժամանակի գերին է, ինչպես որ ինքն էր մի ժամանակ գերել ժամանակը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment