Tuesday, June 17, 2008

ՀԱՆՃԱՐԵՂ ԷՆԴՇՊԻԼ ԲԱԶՄԱԹԻՎ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Հայաստանի քաղաքական համակարգում ձեռք է բերել այնպիսի կշիռ, որ պատմության ընթացքում որեւէ երկրում` ոչ միայն ժողովրդավարական, այլեւ բռնապետական, գլխավոր դատախազը երբեք չի ունեցել: Հաճախ մեկնաբանություններ են հնչում, թե Աղվան Հովսեփյանն այժմ դարձել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հիմնական թիկնապահը, թե նա պատվերներ է կատարում եւ այլն: Հերքենք այս մեկնաբանությունները եւ պնդենք, որ գլխավոր դատախազը իր սեփական քաղաքականությունն է մշակում: Քաղաքագիտության տեսանկյունից նա բավական հետաքրքիր ֆենոմեն է, քանի որ ակնհայտ չէ, թե Աղվան Հովսեփյանը ձգտում է նախագահ կամ վարչապետ դառնալ` պաշտոններ, որ Սահմանադրության տեսակետից իրենից բարձր են եւ կարող են լինել իր քաղաքական խաղի էնդշպիլը: Դրա փոխարեն նա քաղաքական համակարգում կտրուկ բարձրացնում է դատախազության դերը, դրանով իսկ ձեռք բերելով եզակի նշանակություն ողջ համակարգի համար:
Այսօր Հայաստանում դատախազությունը փոխարինում է դատական համակարգին, ոստիկանությանը, նշանակալի չափով` նաեւ մյուս ուժային կառույցներին: Քաղաքական դատավարություններում դատավորները ուշադիր հետեւում են դատախազների ցուցմունքներին: Ոստիկանության հիմնական դերը դարձել է պոտենցիալ մեղադրյալին բերել-հասցնել քննիչների մոտ, դրանից հետո քննիչները չափազանց անփույթ ու լկտի թխում են գործը, վերջում էլ իրեղեն ապացույց ոստիկանները` դատախազությունում իրենց դասը սերտած, դատարանում դատախազների հոգատար ուղղորդմամբ տալիս են կեղծ ցուցմունքները: Գլխավոր դատախազը կարող է ցինիկ վերաբերմունք հանդես բերել Ազգային Ժողովում, կարող է առարկությունների տեքստ թելադրել նախարարներին` եւ այս ամենը իր քաղաքական դերի խորը գիտակցմամբ:
Դատախազի կարեւորագույն դերը «ավազակապետական համակարգում» հասկանալի է, քանի որ նա կոմպրոմատներ ունի բոլոր պետական պաշտոնյաների վրա եւ կարող է նրանց միջոցով իրականացնել ցանկացած մանիպուլացիա: Նա կարող է նաեւ համակարգից որոշ հատված առանձնացնել եւ նշանակել ընդդիմություն, հետո նորից դրանց վերադարձնել համակարգ:
Սակայն Աղվան Հովսեփյանի դերը կտրուկ աճեց մարտի 1-ից հետո: Ըստ էության, հենց նա է քաղաքական ղեկավարությանը` Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հավաստիացրել, որ ինքն ի վիճակի է հավաքել ընդդիմության առաջնորդներին եւ նրանց վրա գործեր սարքել: Այսինքն, մինչեւ ընդդիմությունը զբաղված կլինի բանտերից իրենց ընկերներին ազատելով, կմոռացվեն սպանությունները եւ բախումների մեղավորները, ու առավել եւս` կմոռացվեն կեղծված ընտրությունները, որոնց արդյունքում եղավ միտինգների ցրում, եղան զոհեր ու վիրավորներ, եւ ամենակարեւորը` ձերբակալվածներ: Ըստ Աղվան Հովսեփյանի պլանի, սրանք կդառնան ոչ էական, քանի որ ընդդիմությունը կկենտրոնանա էականի` ընկերներին զնդաններից ազատելու վրա: Համոզված ենք, որ այս պլանը եւ այս հավաստիացումները կարեւոր նշանակություն են ունեցել մարտի 1-ը ծրագրավորելու ժամանակ: Ի դեպ, նշենք, որ օրինակ եվրոպացիները համարյա կուլ են տալիս այս խայծը եւ հիմա խոսում են ձերբակալվածներին ազատելու, միտինգները արտոնելու, անաչառ հետաքննության, երկխոսության, մարդու իրավունքների, մամուլի ազատության եւ այլնի մասին ու գրեթե մոռացել են կեղծ ընտրությունները: Որպես այս ամենի կարեւոր հետեւություն պետք է եզրակացնել, որ Աղվան Հովսեփյանը փաստացի մարտի 1-ի կազմակերպիչներից է:
Կարելի է ասել, որ ներկայում քաղաքական ղեկավարությունը գլխավոր դատախազի ձեռքում պատանդ է դարձել, քանի որ արդեն այստեղ էլ ամեն ինչ կենտրոնացել է դատավարությունների ընթացքի վրա, որին փաստացի հետեւում եւ իրականացնում է հենց ինքը` Աղվան Հովսեփյանը: Փաստորեն, Աղվան Հովսեփյանը քաղաքական պատասխանատվությունն ամբողջովին դրեց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վրա: Հիմա այս տրոյկայից Քոչարյանին թվում է, թե իրեն հաջողվել է դուրս պրծնել պատասխանատվությունից, Հովսեփյանին թվում է, թե ինքը իրականացնում է միայն դատական պրոցեսների մանիպուլացիան, չկրելով ոչ իրավական, ոչ էլ քաղաքական պատասխանատվություն, եւ օղակը փակվում է, իսկ Սերժ Սարգսյանը չի կարողանում հանձնել նրանց, քանի որ միասին են գործը արել, եւ մեկը մյուսին կծախի: Եթե անգամ մարտի 1-ը հնարավոր լինի բարդել միայն Քոչարյանի վրա, ապա դրանից հետո ընկած զարգացումների, եւ մանավանդ` դատավարական շոուների, քաղաքական բանտարկյալների, սպանությունների չբացահայտման եւ այլ հանցագործությունների պատասխանատվության հարցում արդեն ոչ Քոչարյանը կա, ոչ էլ Հովսեփյանը. այստեղ Սարգսյանը միակ պատասխանատուն է: Հիրավի, բազմաթիվ զոհաբերումներով հանճարեղ ու ցինիկ էնդշպիլ խաղաց Աղվան Հովսեփյանը:
ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: