Saturday, September 20, 2008

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԳԻՍՏ Է

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը թարգմանել եւ իր կայքում է տեղադրել «Ռաշա փրոֆայլ»-ում հրապարակված Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջէթնիկական հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովի ծավալուն հոդվածը` նվիրված հարավկովկասյան տարածաշրջանին եւ այստեղ տեղի ունեցած վերջին զարգացումներին: Ստորեւ ներկայացնում ենք այն առանց կրճատումների: Չնայած ռուս-վրացական հակամարտության բացասական ազդեցությանը թե' Հայաստանի եւ թե' Ադրբեջանի վրա` երկու երկրներն էլ զերծ են մնում կողմնապահությունից: Հարավային Օսիայում տեղի ունեցած «հնգօրյա պատերազմի» իրադարձությունները ցույց տվեցին, որ հարավկովկասյան երկրները հիմնականում գործում են` ելնելով իրենց ազգային շահերից եւ ոչ թե` հավիտյան բարեկամությանե հավաստիքներից: Այսպես, թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի պահվածքը զգուշավոր է եւ կշռադատված. նրանք գիտակցում են, որ ռուս-վրացական հակամարտության մեջ ներգրավվելը հղի է բազմաթիվ թաքնված խութերովե, որոնք կարող են ավելի վտանգավոր լինել, քան Բաքվի համար այդքան ատելի, իսկ Երեւանի համար բաղձալի ստատուս-քվոն:Հարավային Օսիայում «սահմանադրական կարգը վերականգնելու» Վրաստանի ջանքերը եւ Ռուսաստանի կոշտ արձագանքը փոխեցին քաղաքական, իրավական եւ ուժային փոխտեղադրությունը ոչ միայն երկու «թեժ կետերում», այլ ողջ ԱՊՀ-ում: Դրանք լուրջ ազդեցություն ունեցան Եվրասիայի ողջ էթնո-քաղաքական իրավիճակի վրա: Այս առումով, հույժ կարեւոր է քննել Հարավային Կովկասում ներկայիս «անվտանգության դեֆիցիտի» հետեւանքները, հատկապես այն պատճառով, որ վերջին շաբաթներում Հայաստանը եւ Ադրբեջանը ստվերում են մնացել: Ի՞նչ դասեր կարողացան քաղել Բաքուն եւ Երեւանը, որոնք 2008-ի «թեժ օգոստոսին» Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ հայտնվեցին հակասական, բարդ վիճակում: Դիտարկենք Հարավային Կովկասի ներկայիս անկախ պետությունների, նախկինում` կովկասյան երեք հանրապետությունների միջեւ եղած հորիզոնական կապերը: Վրաստանը Ադրբեջանին համարում էր իր բնական դաշնակիցը: Բաքուն պատրաստ էր փոխադարձել զգացմունքը: Հիշենք, որ Հարավային Օսիայում իրավիճակի նոր սրման նախորդ օրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ադրբեջանին որակեց ոչ ավել, ոչ պակաս, քան իր երկրի «անկախության երաշխավորը»: Վրաց առաջնորդին բնորոշ թատերականությունը մի կողմ դնելով` կենտրոնանաք մի քանի կարեւոր հանգամանքների վրա: Առաջին, Վրաստանը եւ Ադրբեջանը անդամակցում են ՎՈՒԱՄ-ին` մի կազմակերպություն, որը բացահայտ ԱՊՀ-ի դեմ ուղղված դերակատարության նպատակներ է հետապնդում: ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալուց հետո, ՎՈՒԱՄ-ն այն միակ կառույցն է, որի շրջանակներում Վրաստանը կարող է իրականացնել Եվրասիայի տարածքում ինտեգրման իր ծրագրերը (այլ հարց է, թե որքանո՞տվ է դա հաջողվում): Երկրորդ, Ադրբեջանը միշտ պաշտպանել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ի տարբերություն Ուկրաինայի` Ադրբեջանը կորցրել է իր տարածքի մոտ 13 տոկոսը, որը ճանաչված է իր անբաժանելի մասը: Ահա թե ինչու Ադրբեջանի աջակցությունը, քաղաքական պատճառներից զատ, ունի նաեւ հուզական եւ հոգեբանական հիմքեր (ինչը քաղաքականության մեջ, առավել եւս` Կովկասում, անչափ կարեւոր է): Երրորդ, երկու երկրների միջեւ կա տնտեսական համագործակցություն: 2005-ի էներգետիկ ճգնաժամի ընթացքում Ադրբեջանն էր Վրաստանին գազ մատակարարում: «Վրաց ժողովուրդը դա երբեք չի մոռանա»,- հուլիսի 24-ին, «Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս» երկաթգծի թուրքական հատվածի հանդիսավոր բացման ժամանակ իր ելույթում ասաց Սահակաշվիլին (Ցխինվալի ողբերգությունից ընդամենը երկու շաբաթ առաջ): Երկու կովկասյան պետություններին միավորում էր նաեւ նավթի ու գազի երկու խողովակաշար: Բացի այդ, Բաքուն հաճախ հանդես է եկել որպես Թբիլիսիի շահութաբեր եւ վստահելի հովանավոր: Մյուս կողմից` Վրաստանը երբեք Հայաստանին չի համարել իր ռազմավարական գործընկերը, առավել եւս` «անվտանգության երաշխավորը»: Նրանց երկկողմանի հարաբերություններում կան մի շարք զգայուն հարցեր, այդ թվում` հայերի դրությունը Վրաստանում (հայաբնակ Սամցխե-Ջավախեթիում եւ բուն Թբիլիսիում, որը կարեւոր մշակութային կենտրոն է բոլոր հայերի համար) եւ հայ համայնքի դերը աբխազական հակամարտության մեջ: 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմում Բաղրամյանի անվան գումարտակ էր կռվում «ագրեսիվ անջատականների» կողմից (այսպես են նրանց անվանում Թբիլիսիում): Շատ ավելի քիչ թվով հայեր էին կռվում վրացիների կողմից (հիմնականում` թբիլիսցիներ): Ներկայումս հայ համայնքն Աբխազիայում ներկայացված է եւ' կառավարությունում, եւ' գործարար շրջանակներում, եւ ընդհանուր առմամբ, հավատարիմ է փաստացի պետության ղեկավարությանը: Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության միջեւ գոյություն ունեցող ռազմական գործընկերությունն (մասնավորապես` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան, ուր տեղափոխվեցին Վրաստանից դուրս բերված ռուսական զինվորական ստորաբաժանումները) ավելի է բարդացնում հայ-վրացական հարաբերություններում առկա խնդիրները: Մինչ ռուսական ռազմաբազայի դուրսբերումն Ախալքալաքից, այնտեղ մեծ թվով տեղացի հայեր էին աշխատում: Բացի այդ, Վրաստանը (նաեւ Իրանը) Հայաստանի համար ելք է դեպի արտաքին աշխարհ (քանի որ Հայաստանը ցամաքային շրջափակման մեջ է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից): Հետեւաբար, Երեւանը չի ցանկանում որոշ սահմաններ անցնել Թբիլիսիի հետ իր հարաբերություններում: Հայաստանը գիտակցում է նաեւ, որ իր ելքը դեպի Ռուսաստան Վրաստանով է անցնում, այդ պատճառով էլ ռուս-վրացական հարաբերությունների դինամիկայից կախվածությունն անչափ ցավոտ հարց է Հայաստանի համար: Վրաստանն, իր հերթին, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատումից հետո, ավելի զգուշավոր է «Հայկական հարց»-ում: Վրաց ղեկավարները չեն կարող անտեսել այն, որ, ի տարբերություն աբխազների կամ օսերի, հայերը ուժեղ աջակցություն ունեն Միացյալ Նահանգներում եւ Եվրամիությունում (այդ թվում` Ֆրանսիայում): Եվ իրոք, վերոհիշյալ շահերով է պայմանավորված Վրաստանի հարեւանների վերաբերմունքը «թեժ օգոստոսի» իրադարձություններին: Չնայած Ռուսաստանի հետ ունեցած ռազմավարական դաշինքի իր պարտավորությանը` Հայաստանը նախընտրեց զերծ մնալ հապճեպ քայլերից եւ կտրուկ հայտարարություններից: Դրա համար բազմաթիվ պատճառներ կան: Նա չի ցանկանում իր գործողություններով ո'չ միանշանակ սատարել Ռուսաստանին, ո'չ էլ փչացնել հարաբերությունները Արեւմուտքի հետ: Երկիրն, առանց այդ էլ, բարդ իրավիճակում է Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոն չէ, որին Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը իրադարձություններն առավել ազատորեն մեկնաբանելու իրենց «օրհնությունն» են տվել վաղուց: Հայաստանը, որն ունի Ղարաբաղի նման խոցելի կետ, այնքան էլ շահագրգռված չէր կապելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) եւ հայ-ադրբեջանական հակամարտության հարցը ռուս-վրացական հարաբերությունների հետ: Բացի այդ, նույնիսկ ավելի վաղ, թե' Հայաստանի, թե' ԼՂՀ ղեկավարները խուսափեցին բացահայտ օսամետ եւ աբխազամետ դիրքորոշում ընդունել: Այդ պատճառով էլ, օգոստոսի 10-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, որ վրացական ռազմաօդային բազաների վրա հարձակումները չեն իրականացվում Հայաստանում տեղակայված ռուսական բազայից. «Գյումրի քաղաքի 102-րդ ռազմական բազան չունի նման ռմբակոծումներ իրականացնելու կարողությամբ ռազմական ինքնաթիռներ»,- հայտնեցին նրանք: Հայաստանի դիրքորոշումը ռուս-թուրքական ջերմացած հարաբերությունների նկատմամբ եւս մի ցավոտ հարց է: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի չափավոր աջակցությունը Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը Երեւանում (ինչպես նաեւ հայկական սփյուռքում) ձեւավորում է զգացողություն, որ երկու մեծ տերությունները կարող են փոխհամաձայնության գալ` ի վնաս Հայաստանի (մասնավորապես Ղարաբաղի հարցում): Հիշե'նք օգոստոսի 13-ին Էրդողանի արած հայտարարությունը. «Իրադարձությունները Հարավային Օսիայում առիթ են տալիս մեզ վերանայելու մեր երկրների միջեւ հարաբերությունները, քանի որ մեր համերաշխությունը չափազանց կարեւոր է տարածաշրջանի համար»: Ահա թե ինչ է գրում այս հարցի շուրջ Ազգային եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Կարապետ Կալենչյանը. «Տեսնելով, որ Ռուսաստանը նորից է մուտք գործում Հարավային Կովկաս, Թուրքիան լիովին իր աջակցությունն է հայտնում նրան` ակնկալելով որոշ զիջումներ Ռուսաստանի կողմից: Ինչպիսի՞ն կլինեն այդ զիջումները: Հայերս հաճախ մտավախություն ունենք, որ այդ զիջումները կարվեն մեր շահերի հաշվին»: Ադրբեջանի դիրքորոշումը եւս կարելի է որակել զգուշավոր (սակայն` հակառակ ուղղությամբ): Հանրապետության զանազան քաղաքական կուսակցությունների (այդ թվում կառավարող կուսակցության) ներկայացուցիչներն ավելի բաց էին արտահայտում իրենց դիրքորոշումները: Մուբարիզ Ղուրբանլիի (կառավարող «Յենի Ազերբայջան» կուսակցություն) խոսքերով. «Վրաց իշխանությունների` երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված քայլերը միանգամայն արդարացված են: Ձեռնարկված քայլերը համապատասխանում են ՄԱԿ-ի Կանոնադրությանը»: Նշենք, որ այս մոտեցումն (անջատականներին պատժելու գործողությունների օրինականությունը) Ադրբեջանում շատ ավելի լայն տարածում ուներ, քան Վրաստանում: «Մուսավաթ» (ընդդիմադիր) կուսակցության գերագույն մեջլիսի նախագահ Սուլհադին Աքպերի կարծիքով` Վրաստանը «ստիպված էր Հարավային Օսիայում անջատականների դեմ գործողություն ձեռնարկել»: Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն շատ ավելի զգուշավոր էր, քան, ասենք, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ իր երկրի արտգործնախարարությունը (ի տարբերություն Ադրբեջանի` Ուկրաինան այս տարածաշրջանում լուրջ շահեր չունի): Ադրբեջանի արտգործնախարարության օգոսստոսի 8-ին արած հայտարարությունը, որը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը (եւ որն արժանացել է վրաց դիվանագետների հավանությանը), պարունակում էր լոկ ընդհանուր դրույթներ` Վրաստանի ձեռնարկած քայլերի «միջազգային իրավունքի» շրջանակներում օրինական լինելու վերաբերյալ եւ զերծ էր այլ պարզաբանումներից: Վրաստանին իրենց աջակցությունը հայտնած հինգ երկրների ղեկավարներ ներկա էին օգոստոսի 12-ին Թբիլիսիում կայացած հանրահավաքին: Այնտեղ էին երեք մերձբալթյան երկրների, Լեհաստանի եւ Ուկրաինայի առաջնորդները: Մինչդեռ Իլհամ Ալիեւը` ղեկավարն այն պետության, որին Սահակաշվիլին ընդամենը մեկ ամիս առաջ կոչել էր «անկախության երաշխավոր», ներկա չէր: Բաքուն նախընտրեց զգուշավորությունը` ելնելով Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններ պահպանելու իր շահերից: Ի տարբերություն Վրաստանի` Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ խիստ առճակատման չի գնում: Բաքվում Ռուսաստանին դիտում են որպես Արեւմուտքի հակակշիռ (վերջինիս հարաբերություններն Ադրբեջանի հետ նույնքան աներկբա չեն, որքան Վրաստանի հետ): Ադրբեջանը վախենում է նաեւ ներքաշվել «իրանական խաղի» մեջ, որում իրեն վիճակված կլինի ստանձնել կա'մ վազքուղու, կա'մ «Թեհրանի պատասխան հարվածի» թիրախի դեր: Այստեղից էլ բխում է Ռուսաստանի հետ, թեեւ բարդ, բայց ընդհանուր առմամբ` բարեկամական հարաբերություններ ունենալու ցանկությունը: Ընդդիմությունը փորձում է շահարկել ստեղծված իրավիճակը: «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը (որը վերջին նախագահական ընտրություններում երկրորդ տեղում էր) համոզված է, որ պաշտոնական Բաքվի արձագանքը Հարավային Օսիայի իրադարձություններին համարժեք չէ: Սակայն որքաշն ազդեցություն ունեն այսօր Իսա Ղամբարը կամ ընդդիմության այլ գործիչներ (Էլդար Նամազով կամ Ալի Քերեմլի), որպեսզի կարողանան փոխել նախագահական թիմի դիրքորոշումը: Սա հռետորական հարց է: Եկեք դիտարկենք ենթադրական մի իրավիճակ. այն է` Ղամբարը կամ Նամազովը վաղը փոխարինում են Իլհամ Ալիեւին: Իմ կարծիքով` նրանք նույնպես, ղեկավարվելով Ադրբեջանի ազգային շահերով, կտարանջատեն հռետորությունն իրատեսական քաղաքականությունից: Նշենք, որ եթե այսպիսի սցենար խաղարկվեր Լեռնային Ղարաբաղում, Բաքուն կարժանանար Արեւմուտքի շատ ավելի կոշտ արձագանքին: Նույնիսկ կսկսեին խոսել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Եվրամիության առաջատար երկրների համատեղ կարծիքը հնչեցնելու մասին: Ահա թե ինչու է Ադրբեջանի ոստիկանությունը արգելում Բաքվում Ռուսաստանի դեսպանության առջեւ բողոքի ցույցերը եւ կանխում երկրով մեկ հակառուսական հիսթերիայի տարածումը:

No comments: