Saturday, September 20, 2008

ԹԵՀՐԱՆԻ «ԱՐԱՔՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ` ԱԶԳԱՅԻՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ «ՓՈՇԻԱՑՆԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

ԹԵՀՐԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը օգոստոսին հանդես էր եկել Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին եւ Պատգամավորական ժողովին ուղղված քննադատական հրապարակմամբ, որը վերջերս է ստացել մեր խմբագրությունը: «Ո՞ւմ իրավունքով» վերնագրով հրապարակումը ստորեւ ներկայացնում ենք առանց կրճատումների: «Հակառակ նրան, որ մեր համայնքային բյուջեն, ընթացող եւ նախորդ տարիների ընթացքում, զեկուցումների համաձայն, մեծ բաց է ունեցել եւ ունի, ԹՀԹ Թեմական խորհրդի որոշումով եւ Պատգամավորական ժողովի հաստատմամբ, մեր «ազգայինները» նպատակ են դրել, թեմի բյուջեի հաշվին հինգ միլիարդ ռիալ արժողությամբ մի հողատարածք գնել Հայաստանում, Երեւան-Սեւան մայրուղու վրա, բացատրությունը` բնակելի համալիր շենք կառուցել ու նաեւ պատրաստել ճամբար մեր համայնքից Հայաստան մեկնող միութենական խմբերի ու նաեւ տուրիստների օգտագործման համար: Նախ եւ առաջ ուզում ենք հարց տալ, թե այս որոշումն ու հաստատումը թեմիս կանոնագրության ո'ր հոդվածի համաձայն է կատարվել: Երկրորդ` ինչո՞ւ Թեմականի կողմից վերջերս հրապարակված տեղեկագրում չի հիշատակվել այս պարագան: Երրորդ` պատմությունը փաստել է, որ Թեմական խորհրդի կողմից Հայաստանում կատարվող ներդրումները, կուսակցության հսկողության ներքո, միշտ էլ «անհայտ պատճառներով» ձախորդության են մատնվում: Փաստը` 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժածների համար գանձված նվիրատվություններով «կառուցված» ծորակաշինության գործարանը, որի մասին խոսելուց մենք հոգնեցինք, իսկ թեմականները մի քանի ջարդուփշուր եղած գործիք ծորակաշինության գործարանի անունով հանձնեցին Ս. Էմիածնին ու «փրկեցին իրենց օձիքը»... մյուսը «Սասուն» փակ բաժնետիրական ընկերությունն է, որ տարիներից հետո ոչ միայն օգուտ չի բերում, այլ հենց Թեմականի զեկույցների համաձայն տարեկան թեմի բյուջեից խլում է 100 միլիոն ռիալ: Եվ վերջապես` քանի դեռ մեր համայնքը ներդրման մեծ կարոտ ունի նամանավանդ դպրոցների որակավորման, ծերանոցի կառուցման եւ այլ պարագաներում, ո՞ւմ իրավունքով է Թեմական խորհուրդը գնում նման անպատասխանատու քայլի: Ո՞վ թույլ տվեց, որ զօր ու գիշեր միայն մտածեն ազգային կալվածները ծախելու, փոշիացնելու մասին: Համայնքը դեռ չի մոռացել «Քուշեշ-Մարիամյան» դպրոցի, «Արարատ» մարզավանի, ու ... պարագաները եւ աչքերը սեւեռած նայում է դեպի «Արամ» սրահ եւ ազգային այլ կալվածքներ, որոնց արդեն Թեմականը դիտում է որպես մատաղացու: Թող լավ իմանան Թեմականն ու Պատգամավորականը, որ սխալ որոշումների համար պատասխանատու են այսօր եւ վաղը...

No comments: