Saturday, September 20, 2008

ԱՄՆ-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը սեպտեմբերի 19-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Նախարարը, շնորհավորելով դեսպանինի այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել նրան իր դիվանագիտական առաքելության կատարման գործում:Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Է.Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԱՄՆ-ի հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության եւ համագործակցության ամրապնդմանը: Է.Նալբանդյանն ու Մ.Յովանովիչն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին: ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել է իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Նա ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափով եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցությունները կարող են բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը: Անդրադառնալով տարածաշրջանում վերջին իրադարձություններին, նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել եւ շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է:Մ.Յովանովիչի խնդրանքով ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, Է.Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ:

No comments: