Tuesday, September 23, 2008

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՀԱՅՑՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երուսաղեմի պատրիարքարանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Հիսուս Քրիստոսի սուրբ գերեզմանի վերանորոգման աշխատանքներն անտեղի ձգձգվում են տեղի երեք հարանվանյաց (հույն եւ հայ ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ) եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող անհամաձայնությունների պատճառով: Հույները, խախտելով հնուց եկած համաձայնագիրը, պնդում են, որ միայն իրենք իրավունք ունեն տիրություն անելու եւ վերանորոգման աշխատանքներ կատարելու: Խնդիրը մի փոքր կարգավորվել է պաղեստինյան իշխանությունների միջամտության շնորհիվ: Նրանք հանձն են առել վերահսկել վերանորոգման աշխատանքները: Ձեռք է բերվել նաեւ համաձայնություն տրամադրելու 136 հազար ԱՄՆ դոլար վերանորոգելու շրջակա եկեղեցու զուգարանները, որոնք զբոսաշրջիկների եւ ուխտավորների մշտական դժգոհությունների առարկան էին դարձել: «Բայց Երուսաղեմի պատրիարքարանը կարիք ունի հայկական համայնքների անմիջական նյութական եւ բարոյական աջակցությանը: Պատրիարքարանի պարտականությունների մեջ է մտնում վերահսկել սրբազան քաղաքի ամբողջ տարածքի սուրբ վայրերը, բայց մարդկային եւ նյութական սահմանափակ միջոցների հետեւանքով չի կարողանում պատշաճ ուշադրություն դարձնել այդ բոլորին: Այդ պատճառով էլ բարբարոսության դեպքեր են գրանցվում: Միայն ամառվա շրջանում վնասվել են եկեղեցապատկան երկու շինություններ, մեկը Ռամլեյում (Երուսաղեմից 1 ժամ հեռավորության վրա), մյուսը` Բարոն Դերում (Բեթղեհեմի եւ Երուսաղեմի միջեւ) գտնվող 33,5 ակր ձիթենիների պուրակում: Առաջինում թալանվել էր գույքը, ջարդուփշուր էին արվել դռներն ու պատուհանները, երկրորդում կասկածելի պատճառներով ծագած հրդեհը ոչնչացրել էր 20 ծառ: Հակառակ առողջական վատառողջ վիճակին, պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը ստիպված դեպքերի վայրն այցելեց, անձամբ տեղեկանալու պատճառված վնասներին», նշել է հայոց պատրիարքարանի էկումենիկ եւ արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Արիս արք. Շիրվանյանը, ավելացնելով, որ Ռամլեյի վանքը 1600-ականներին է կառուցվել եւ սերտորեն կապված է եղել մեր պատմության հետ: Նախքան ճանապարհային արդի միջոցների հիմնումը, ուխտավորները Ջաֆային մոտակա նավահանգստում ափ դուրս գալով նախ հանգստանում էին տեղի հայկական Ս. Նիկողոս վանքում, ապա Ռամլեյի Ս. Գեւորգ վանքում, այնուհետեւ ուղեւորվում դեպի Երուսաղեմ: Հակառակ այս բոլորին, ավարտում է հաղորդագրությունը Արթուր Հակոբյանը, հայկական պատրիարքարանը իր հոգեւոր բարձունքի վրա է մնում եւ ջանում է գործնական քայլերով եւ նվիրվածության շնորհիվ լուծել ժամանակ առ ժամանակ առաջացող խնդիրները:

No comments: