Tuesday, September 23, 2008

ԹՈՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ա1+ - 16 Սեպտեմբերի, 2008 ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր հրաժարական-դիմում է գրել` ՀՀԿ շարքերը լքելու մասին, իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստին կներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Նկատենք, որ մինչ ԱԺ խոսնակի պաշտոնից հրաժարական տալը Տիգրան Թորոսյանն ունենալու է իր գործընկերներին ամբիոնից դիմելու, իր խոսքը լայն հանրությանն ու իր ընտրողներին հասցնելու հնարավորություն: Այդ ժամանակ նա թերեւս կունենա կուսակցական իր ընկերներին ասելիք: Իսկ լրագրողներին այսօր Տիգրան Թորոսյանը տեղեկացրել է, որ այն, ինչ կատարվեց իր հետ, վաղօրոք է պլանավորված եղել, դեռ 4 ամիս առաջ: Բայց նկատենք, որ բոլոր այդ ամիսների ընթացքում նա հերքում էր շրջանառվող լուրերը կամ չէր ուզում հավատալ սեփական կուսակցությունում իր դեմ նյութվող դավադրության մասին լուրերին: Տիգրան Թորոսյանի կարծիքով` գորրծընթացն սկսվել է թերթերում իր դեմ պատվիրված նյութերի, սեւ քարոզչության, անբարոյական դրսեւորումներով, որի հեղինակներն ու պատվիրատուները իրեն հայտնի են, բայց նա անուններ չհրապարակեց: Տիգրան Թորոսյանը ձեւական է համարում այն հայտարարությունները, թե իր փոփոխությունը զուտ կուսակցական խնդիր է: Նրա կարծիքով, որեւէ պետական պաշտոն չի կարող պատկանել որեւէ կուսակցության կամ ուժի, անկախ նրա ունեցած ձայների քանակից: «Պաշտոնը չի կարող բաժանվել»,- հայտարարեց Տիգրան Թորոսյանը: ԱԺ նախագահի փոփոխությամբ խորհրդարանի արդյունավետության բարձրացման մասին վերջին օրերին խոսում էին Թորոսյանի կուսակիցները: Այսօր բոլոր նրանց հարց ուներ ԱԺ նախագահը, թե հատկապես ինչ առումով արդյունավետության մասին է խոսքը: «Չի կարելի պատգամավորների անհատական արդյունավետությունը պայմանավորել խորհրդարանի նախագահով: Պատգամավորների արդյունավետության մասին պետք է մտածել ցուցակները կազմելիս»,- փաստորեն կուսակցական ղեկավարներին, «ցուցակ կազմողներին» կշտամբեց Տիգրան Թորոսյանը: Նա խոսեց նաեւ իր կուսակցական մեծամասնության հետ ունեցած անհաղթահարելի տարակարծությունների մասին, ինչի պատճառով էլ հրաժարական է տալիս եւ նաեւ դուրս գալիս ՀՀԿ շարքից, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնին մնալը նա համարում է այլեւս անիմաստ. «Պաշտոնը ինքնանպատակ չէ, այլ ծրագրերով արդյունքի հասնելու միջոց»: Ի դեպ, Տիգրան Թորոսյանը հայտարարել է նաեւ, թե այդքան էլ չի հավատում նոր իշխանության այն խոսքերին, թե այլեւս կառավարման համակարգը հիմնված է լինելու գիտելիքի եւ ինտելեկտի վրա: Ինչ վերաբերում է կուսակցությունից հեռանալուն, ապա Թորոսյանի համար շատ ցավալի է հեռանալը, բայց պետք է կարողանալ ճիշտ գնահատել պահը եւ կայացնել ճիշտ որոշում: Թորոսյանը չի պատրաստվում իր հետեւից համակիրների շարք տանել, քանի որ ինքը ՀՀԿ-ում «չուներ համակիրներ, ուներ ընկերներ, որոնք հիմա էլ կան», բայց կուսակցության անդամակցությունն ու դուրս գալը անհատական որոշման խնդիր է եւ ինքը մտադրություն չունի որեւէ նման քայլ նախաձեռնել, որ իր հետ դուրս գան նաեւ այլ մարդիկ եւ ստեղծեն քաղաքական ուժ: Տիգրան Թորոսյանն ասաց, թե ամեն մարդ ինքը պետք է կայացնի իր որոշումը, մնալ, թե դուրս գալ: Տիգրան Թորոսյանն նաեւ հայտարարեց, որ չի զղջում ՀՀԿ կազմում, եւ ընդհանրապես վերջին 16 տարվա ընթացքում իր ծավալած գործունեության համար: Իսկ իր որոշումը կայացրել է` հաշվի առնելով մարդկային գործոնը, որպեսզի ՀՀԿ-ի իր շատ ընկերներին չդնի ծանր իրադրության առաջ, երբ նրանք ստիպված լինեն մի բան մտածել եւ այլ բան անել, առավել եւս, ինչպես նշել է Թորոսյանը, որ ինքը գիտե, որ կարելի է մարդկանց դնել որոշակի իրավիճակի մեջ եւ պարտադրել քվեարկել այս կամ այն որոշման համար: Երբ երկու շաբաթ անց ԱԺ նիստում Տիգրան Թորոսյանը ներկայացնի իր հրաժարականը, ապա հնգօրյա ժամկետը լրանալուց հետո հաստատի այն, դիմումը կհամարվի ընդունված: Տիգրան Թորոսյանը դիմումն արդեն գրել է եւ ցույց է տվել լրագրողներին, մնում է ներկայացնի ԱԺ նիստը վարող փոխնախագահներից մեկին:

No comments: