Thursday, December 11, 2008

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

«Ազգ». 11-12-2008- 90 տարի առաջ` 1918 թվականին, Կալիֆոռնիայում Մեծ եղեռնի ականատես Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության հիման վրա նկարահանվեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր: Ֆիլմն առանձնահատուկ էր նրանով, որ գլխավոր դերակատարը հենց Արշալույս Մարտիկանյանն էր: Կորցնելով ծնողներին, քույրերին եւ երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջեւ, 14-ամյա չմշկածագցի Արշալույսը խոշտանգվել է թուրք եւ քուրդ պաշտոնյաների հարեմներում: Հայկական Ժաննա դը Արկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, մղձավանջային սարսափներից հետո հավատափոխ չի լինում եւ փախչելով Քեմալ էֆենդիի հարեմից, շուրջ երկու տարի ապրում է լեռներում: Երկար թափառումներից հետո բնակություն է հաստատում Նյու Յորքում: Այստեղ էլ 1918 թվականին անգլերեն լեզվով լույս է տեսնում նրա «Հոշոտված Հայաստան» հուշագրությունը, ուր հեղինակը պատմում է աքսորի ճանապարհի սարսափների մասին: Ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Եվրոպայում` ամենուրեք բացառիկ հաջողության հասնելով: Ֆիլմից ստացված 30 միլիոն դոլար շահույթը Ամերիկյան նպաստամատույց Near East Relief կոմիտեն տրամադրում է սիրիական անապատներում տառապող հայերին` փրկելով ավելի քան 100 000 կյանք: 1920 թվականին, երբ Կարմիր բանակը մտնում է Կովկաս, քաղաքական նկատառումներով ֆիլմը ոչնչացվում է: 85 րոպե տեւողությամբ ֆիլմից պահպանվում է միայն 20 րոպեանոց մի հատված, որի մի օրինակը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: «Հոգիների աճուրդ» ֆիլմի նկարահանման 90-ամյակի առթիվ լույս է ընծայվել Տիգրան Մանգասարյանի հեղինակած «Մինչեւ հոգիների աճուրդը» վեպ-պատկերապատումը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: «Գիրքը գրված է «Հոշոտված Հայաստան» հուշագրության հիման վրա: Այն գրաֆիկական ոճով է արված, կառուցման սկզբունքով նման է ֆիլմի սցենարի: Հրատարակվել է անգլերեն: Երբ աշխատում էի գրքի վրա, տեղյակ չէի, որ «Հոշոտված Հայաստան» հուշագրությունը լույս է տեսել նաեւ հայերեն», նշեց Տիգրան Մանգասարյանը: Գիրքը նվիրված է Մեծ եղեռնի արհավիրքներով անցած բոլոր հայերին: Գրքի խմբագիր ու հովանավոր Սոսի Գեւոնյանի խոսքերով, Արշալույս Մարտիկանյանն իսկական հերոսուհի էր. «17 տարեկան հասակում նա արդեն անցել էր դժոխքի բոլոր ճանապարհներով եւ նորից վերապրել այդ ամենն արդեն ֆիլմում նկարահանվելով, իսկական հերոսություն է: Մինչ ԱՄՆ գալը, նա պատահաբար հանդիպում է Զորավար Անդրանիկին, որը նրան խորհուրդ է տալիս իր տեսածները պատմել հասարակությանը: Ցավոք, Արշալույսի հետագա կյանքը նույնպես ողբերգական էր, տղան ծերության օրոք նրան տանում է տարեցների տուն: Այստեղ էլ 1996-ին մահանում է եւ նույնիսկ շիրմի վրա գերեզմանաքար չկա»: Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ այս գիրքը տարբերվում է ցեղասպանության մասին պատմող մյուս գրքերից. «Ոչ ոք ներկայացված չէ որպես թշնամի, այն ուղղակի ներկայացնում է մի աղջկա պատմությունը: Սովորաբար նման արհավիրքներ տեսած մարդիկ պարփակվում են իրենց մեջ ու չեն պատմում իրենց տեսածների մասին, այս առումով Արշալույս Մարտիկանյանի հուշերը բացառիկ արժեք ունեն: Այս գիրքը եւս մեկ հարված կլինի ժխտողականություն կոչվող պատին»: ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: