Tuesday, January 27, 2009

Ղարաբաղյան կարգավորման խնդրով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունվարի 28-ին Ցյուրիխում

HayInfo. 27-1-2009- Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Ղարաբաղյան կարգավորման թեմայով կանցկացվի հունվարի 28-ին Ցյուրիխում: Այդ մասին, ինչպես հաղորդում է Հայինֆոն, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի արդեն մեկնել է Ցյուրիխ (Շվեյցարիա), որտեղ հունվարի 27-ին նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ Ղարաբաղյան կարգավորման համանախագահների հետ։ Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայում իր աշխատանքային այցի շրջանակներում կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների և միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև շվեյցարահայ համայնքի հետ: Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments: