Tuesday, January 27, 2009

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է

A1+ .27-1-2009- 28 հոգի է հերթագրվել ելույթ ունելու Հայաստանի կողմից թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման վերաբերյալ քննարկմանը : Սկզբում ելույթ ունեցան համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլումբիեն : Նրանք բացատրեցին, թե ինչու են առաջարկում չզրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից : Ըստ նրանց` Հայաստան կատարած հունվարյան այցի ընթացքում իրենք տեսել են իշխանության կողմից քաղաքական կամք` ԵԽԽՎ պահանջները կատարելու ուղղությամբ : Ներկաներին նրանք տեղեկացրին, թե քաղաքական դրդապատճառներով ձերբակալված 20 հոգի են ազատ արձակվել Սերժ Սարգսյանի հրամանագրով: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարում են, թե այդ ազատ արձակվածները քաղբանտարկյալներ չեն, եւ համազեկուցողներրը ապակողմնորոշում են ԵԽԽՎ-ին : Ի դեպ, իր ելույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց,որ 28 հոգի է ազատ արձակվել Սերժ Սարգսյանի ներման հրամանագրերով : Հայաստանի պատվիրակության ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար շատ կարեւոր է այս քննարկումը, քանի որ արդեն մեկ տարի է` Հայաստանը փորձում է վերացնել մարտի1-ի դեպքերի հետեւանքները:Ըստ նրա` շատ բան է արվել իշխանությունների կողմից այդ ուղղությամբ, իհարկե, եղել են նաեւ թերություններ, բայց պետք է հաշվի առնել, որ այդպիսի նախադեպ Հայաստանում չէր եղել : Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց համազեկուցողներին կատարած աշխատանքի համար : ՀՀ պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը իր ելույթում նշեց, որ ցանկանում են` Հայաստանում չլինի որեւէ մեկը, որ ձերբակալվի իր քաղաքական հայացքների համար, եւ դրա համար ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ` Քր Օր. 225 եւ 300 հոդվածների վերանայման համար : Ի դեպ, պարոն Ադոնցից հետո ելույթ ունեցավ Ադրբեջանի պատվիրակության անդամ տիկին Հաջիեվան, որը քննադատական խոսքեր ուղղեց Հայաստանի հասցեին : 3 ադրբենջանցի պատգամավորներ են հերթագրվել Հայաստանի վերաբերյալ հարցի քննարկմանը ելույթ ունենալու համար : Հիշեցնենք, որ հայ պատգամավորները որպես կանոն ելույթ չեն ունենում Ադրբեջանի վերաբերյալ քննարկումների ժամանակ : Քննարկումը շարունակվում է : Կարինե Ասատրյան - Ստրասբուրգ

No comments: