Tuesday, January 27, 2009

ՆՐԱՆՔ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

A1+. 26.1.2009- Հայաստանում գտնվող քաղբանտարկյալների ցուցակը` անուն-անուն ներկայացվել է ԵԽ-ին: Ըստ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի` Հայաստանի բանտերում այսօր իրենց քաղաքական հայացքների համար գտնվում են 58 ընդդիմադիրներ: «Եթե Եվրոպայի խորհուրդը վստահում է ՀՀ իշխանություններին, մենք չենք վստահում», -ասում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով` իրենց համար ամենակարեւորը քաղբանտարկյալների ազատ արձակումն է եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերականգնումը: Իսկ այդ ինչ միջոցներով կարվի, ԵԽ-ն ինչ միջոցներ կձեռնարկի ՀՀ կառավարության հետ համատեղ, պարոն Զուրաբյանը էական չի համարում: Ստրասբուրգում գտնվող Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Արման Գրիգորյանը իրենց հանդիպումների ընթացքում ԵԽ ներկայացուցիչներին ու ԵԽԽՎ տարբեր պատվիրակությունների նամակի տեսքով ներկայացրել են իրենց դիրքորոշումը Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի կատարման վերաբերյալ: Նրանք հանդիպել են ԵԽԽ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի, մոտ 13 պատվիրակությունների ներկայացուցիչների հետ: Վաղը հանդիպելու են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Պարոն Զուրաբյանը` համազեկուցողների նոր առաջարկությունների մասին տեսակետ չհայտնեց` մինչեւ դրանց պաշտոնապես հրապարակումը: Կարինե Ասատրյան - Ստրասբուրգ

No comments: