Հայերիս հանդեպ գործադրված Մեծ եղեռնի պատճառով մենք կորցրեցինք մեր հայրենիքը, եւ պատմական Հայաստանում մեր թողած ժառանգությունն այդ ժամանակներից կա՛մ համակարգված քանդման է ենթարկվում, կա՛մ էլ ներկայացվում որպես նվաճողների սեփականությունը: Աղթամար կղզում վեր խոյացող Սուրբ Խաչ եկեղեցին կորցրել է սուրբ կոչվելու ամեն մի հատկանիշ, քանի որ նրա գմբեթի վրա ծածանվող թուրքական դրոշը կառույցը դարձրել է աշխարհիկ մի շինություն:
Բագրատունիների մայրաքաղաք Անին, որը ծրագրում են վերանորոգել, Թուրքիայում ներկայացվում է որպես սելջուկական ժառանգություն: Տասնյակ հազարավոր արժեքավոր խաչքարեր մեր պատմական Ջուղայում քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ օրը ցերեկով ավերում են ազերիները: Եվ ոչ ոք կարծես մտահոգված չէ այդ ամենով, իսկ հայերս չենք կարողանում արդյունավետ միջոցներ ձեռնարկել, որովհետեւ այդ մշակութային «ջարդը» տեղի է ունենում թշնամու տարածքում:
Այսպիսով, ականատես լինելով մեր իսկ ժառանգության կործանմանը, մենք չենք կարողանում դրա առաջն առնել: Մենք միայն մեր ատամներն ենք կրճտացնում: Իսկ թուրքերն ու ազերիները, որոնք զավթել են մեր պատմական տարածքները, շարունակում են վերացնել հայկականության ամեն մի հետք, որպեսզի կարողանան այդ տարածքների իրավական սեփականատերը դառնալ:
Բայց ինչպե՞ս ենք վարվում մենք մեր ձեռքի տակ եղած ժառանգության հետ, որը պարտավոր ենք պահպանել եւ փոխանցել հետագա սերունդներին:
Մերթ ընդ մերթ ահազանգեր են հնչում լրատվամիջոցներում, մատնացույց են արվում մի քանի հանցագործներ եւ հետո... քար լռություն է տիրում:
Երուսաղեմի հայկական պատրիարքարանը աշխարհում այն եզակի օջախներից է, որտեղ ի պահ են դրված տասնյակ հազարավոր հայկական ձեռագրեր: Դրանց համար միլիարդավոր դոլարների արժողությամբ հողատարածքՙ պարսպապատ վանք ունենք եւ այլ հարմարություններ:
1970-ականներին 27 ձեռագրեր անհետացան այնտեղից: Դրանք հետագայում հայտնվեցին «Սոթբիի» աճուրդային գործերի ցուցակում: Բարեբախտաբար բարձրացված աղմուկի եւ ահազանգի շնորհիվ դրանց մեծամասնությունը հնարավոր եղավ վերադարձնել Երուսաղեմ: Սակայն դրանցից քանի՜-քանիսն են անհետ կորել առանց մեր իմացության կամ առանց որեւէ աղմուկ բարձրացնելու: Ավելին, հայապատկան ունեցվածքներ վաճառվել են կամ «վարձակալության տրվել» ամենաանհեթեթ պայմաններով, իսկ մենք որպես ազգ, որպես ազգային հավաքականություն չենք կարողացել միջամտել:
Այս թեման մեր ուշադրությանն արժանացավ դարձյալ, որովհետեւ վերջերս մի նոր կողոպուտ արձանագրվեց Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքից: Ավելի քան 300 տարի այդտեղ են պահպանվել արժեքավոր ձեռագիր մատյաններ, գրքեր եւ հավաքածուներ: Վանքը դարեր շարունակ ծառայել է որպես կրթության եւ ուսումնասիրության կենտրոն: Բայց միաբանության հոգեւոր հայրերի տարիքի հետ մեծացել է նաեւ կառույցի անվտանգության եւ այնտեղ գտնվող թանկարժեք իրերի կողոպուտի եւ հրդեհի ենթարկվելու, ինչպես նաեւ մթնոլորտային անմխիթար պայմաններում քայքայվելու վտանգը:
Այս բոլորի ճակատագրերն իրենց վստահված աբբահայրերն իրենց հանգստացած զգացին, երբ մի քանի տարի առաջ հայտարարվեց, որ Վենետիկի եւ Վիեննայի վանքերը, մի կողմ դնելով իրենց դարավոր տարաձայնությունները, որոշել են միավորվել մեկ վարչական (Վենետիկի) իրավասության ներքո: Սակայն վերջերս Վիեննայից մեզ հասած կողոպուտի վերաբերյալ տվյալները մի անգամ եւս ապացուցում են, որ այդ միավորումը դեռեւս երաշխիք չէ մեր ազգային արժեքների անձեռնմխելիության եւ անվտանգության խնդրում:
«Ազգ» օրաթերթի Գերմանիայի աշխատակցուհի Անահիտ Հովսեփյանը թերթի հոկտեմբերի 7-ի համարում տեղեկացնում էր, հիմնվելով գերմանական մամուլի տվյալների վրա, որ Վիեննայի միաբանության հայրերից Ներսես Րաֆֆի Ս.-ն վանքից հափշտակել է 800 արժեքավոր գրքեր եւ փաստաթղթեր, որոնցից ոմանք 300 տարվա հնություն ունեն: Ոստիկանությունը նրա բնակարանում հայտնաբերելով «կորսված» իրերը, վանք է վերադարձրել դրանք:
Լարված այս պատմության մեջ զավեշտալին այն է, որ 2 տարի առաջ այդ հոգեւորականը օգնել է Վիեննայի ոստիկանությանը հայտնաբերելու մեկ ուրիշ հոգեւորականի` 31-ամյա մի լիբանանցու գողությունը: Վերջինս 55 մշակութային արժեք էր կողոպտել, որոնց մի մասը ինտերնետով վաճառել էր:
Միաբանության հայր Ն. անունով մեկ ուրիշ ծառայող «մի քանի միլիոն եվրո մի կողմ դնելու» մեջ էր կասկածվում, ըստ Հովսեփյանի լրատվության:
«Ազգի» խմբագրությունը արդարացիորեն բացատրություններ էր պահանջել միաբանության իշխանություններից: Ի պատասխան դրան, Վենետիկի միաբանությունը հաղորդագրություն է հրապարակել, որով մեղադրելով հանդերձ հայկական մամուլին պատմությունը «սենսացիայի» վերածելու մեջ, համենայն դեպս ընդունում է «Ազգ»-ում տպագրվածի վավերականությունը եւ նույնիսկ ճշգրտում հայր Ն.-ի ամբողջական անուն-ազգանունը` հայր Ներսես Սագոյան:
Ավելորդ չէ այստեղ հարցնելը, թե որտե՞ղ է թափանցիկությունը, ինչի՞ է ծառայում գաղտնապահության այս հակվածությունը:
Մոտ 2 տասնամյակ առաջ Վենետիկի վանքը զոհ դարձավ անշարժ գույքի մի սկանդալի: Անփորձ հոգեւորականները դյուրահավատորեն ստորագրել էին մի փաստաթուղթ, որով կորցնում էին վանքապատկան արժեքավոր տարածքներ: Այդ ժամանակ 25 միլիոն դոլար էին գնահատում կորուստը, բայց հետագայում ուսումնասիրությունները պարզեցին, որ իրականում կազմում է 50 միլիոն դոլար: Նույնիսկ Սուրբ Ղազար կղզին էր վտանգի տակ, երբ աշխարհի տարբեր վայրերում հայկական համայնքները մոբիլիզացնելով իրենց ջանքերը, կարողացան փրկել այնտեղ գտնվող վանքը:
Իսկ մյուս կորուստնե՞րը, որոնց մասին ոչինչ չգիտենք, որովհետեւ չկա թափանցիկություն այս հարցում:
Ժամանակը չէ՞ արդյոք վերհիշելու բոլոր նրանց, ովքեր նվիրաբերել են այդ արժեքավոր իրերը, հրաժարվելով դրանք այլ թանգարաններին կամ հավաքորդներին վաճառելու մտքից եւ հավատալով, որ միակ վստահելի վայրը Վենետիկի վանքն է: Նրանց թվին է պատկանում վաղամեռիկ Հարություն Քյուրդյանը (Ուիչիտայից, Կանզաս նահանգ), ով ավելի քան 250 արժեքավոր ձեռագրեր է հանձնել: Երկար տարիներ շարունակ նվիրյալ աբբահայրերն ուսումնասիրել են այդ գանձերը եւ պահպանել աչքի լույսի պես: Սակայն, ինչպես նշեցինք, այդ հոգեւորականների ծերանալուն զուգահեռ թուլացել է անվտանգության մեխանիզմը, որի հետեւանքով էլ պատեհապաշտները հնարավորություն են ստացել ներթափանցելու եւ կողոպտելու մեր այդ անգնահատելի գանձարանները:
Մխիթարյան ուխտի հոգեւոր հայրերն իրենց անձնական իրերն են համարում այդ գանձերը, հրաժարվելով ամեն տեսակի թափանցիկությունից եւ հաշվետվությունից, մինչդեռ ճգնաժամային իրադարձությունների պարագայում ակնկալում են ժողովրդի օժանդակությունը:
Նման կոչ հնչեց, օրինակ, 2008 թվի սեպտեմբերի 12-ին, երբ Երուսաղեմի պատրիարքարանը հայցում էր հայ ժողովրդից նեցուկ կանգնել իրեն: Սակայն մինչեւ օրս այդ նույն ժողովուրդը չգիտի, թե նրանք պատրիարքարանի ներսում ինչպե՞ս են պահում իրենց կալվածքները, ինչքա՞ն եկամուտ են բերում նրանք, ինչպե՞ս են այդ գումարները ծախսում եւ բազում այլ հարցեր: Ժողովրդին հաշվետու լինելու ամեն մի պահանջ դիտվում է որպես սրբապղծություն. ինչպե՞ս կարելի է հարցականի տակ դնել մեր հոգեւոր հայրերի գործարար խորաթափանցությունն ու խոհեմությունը, մտածում են նրանք:
Հայաստանում թե սփյուռքում ապրող հայ ժողովրդի սրբազան պարտքն է պահպանել պատրիարքարաններում եւ վանքերում ներփակված մեր գանձերը, բայց թափանցիկության եւ հաշվետվության ինչ-որ մի համակարգ անհրաժեշտ է ստեղծել, որպեսզի խուսափենք կրկնվող կողոպուտներից:
«Ազգ» 27.1.2009-
Դետրոյթ-ԱՄՆ, Թարգմ.` Հ. Ծ., «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթից

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment