Tuesday, January 27, 2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԳԵՐԻՇԽՈՂ

BBC News լրատվական գործակալության աշխատակից Սառա Ռեյնսֆորդը Ստամբուլից ահազանգում է «խիստ մտատանջող» մի երեւույթի առնչությամբ, որն սպառնում է Թուրքիայի աշխարհիկ, ոչ բարեպաշտ մահմեդական քաղաքացիներին: Խոսքը «Տարբեր լինել Թուրքիայում» խորագիրը կրող զեկույցի մասին է, որն այս երեւույթը կապում է անմիջականորեն կառավարող AK կուսակցությունում առկա ծայրահեղ կրոնական պահպանողականների հետ: Բաց հասարակություն ինստիտուտի եւ Բոսֆորի համալսարանի ջանքերով պատրաստված այդ զեկույցը մանրամասնություններ է պարունակում, թե ինչպիսի լայնատարած հասարակական ճնշում է գործադրվում աշխարհիկ թուրքերի, ալեւինների եւ քրիստոնյաների վրա, որոնց պարտադրում են ուրբաթ օրերը աղոթքների մասնակցել, Ռամադանի օրերին ծոմ պահել եւ գլխաշոր կրել: Զեկույցը, որը հիմնված է 12 քաղաքներում 5000 աշխարհիկ թուրքերի հետ անցկացված հարցազրույցների վրա, զգուշացնում է, որ անհանդուրժողականությունը սուննի մահմեդական մեծամասնությունից դուրս գտնվողների նկատմամբ հետզհետե աճում է: Կառավարական պաշտոնների նշանակման ժամանակ առաջնահերթությունը տրվում է թեկնածուների կրոնական եւ քաղաքական հայացքներին եւ ոչ թե նրա կարողություններին եւ արհեստավարժությանը: Սա էլ իր հերթին ստիպում է մարդկանց փոխել իրենց սովորական կյանքի ընթացքը, երբեմն նաեւ հավատն ու սկզբունքներըՙ հանուն իրենց աշխատանքի պահպանման: Նույնիսկ դպրոցների աշակերտների եւ հիվանդանոցների աշխատողների շրջանում է գործում այս վերաբերմունքը: «Անհավատ» բուժքույրերը ստիպված են ավելի շատ գիշերային հերթափոխության կանգնել, տանտերերը վարձակալման համար սենյակներ տրամադրում են միայն այն աշակերտներին կամ ուսանողներին, որոնք գլխաշոր են կրում: AK կուսակցության արմատները սնվում են քաղաքական իսլամիզմից: Անցնող տարվա ընթացքում կուսակցությունը հազիվ փրկվեց փակվելուց, իսկ կուսակցության ղեկավարները ոչինչ չեն անում հաղթահարելու այլադավանների դեմ ծավալված անհանդուրժողականությունը, եզրափակում է Ռեյնսֆորդն իր հոդվածը, որը տպագրվել է «Արմինյն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի դեկտեմբերի 27-ի համարում: «Ազգ» 27.1.2009
Հ. Ծ.

No comments: