Thursday, January 22, 2009

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԵՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

A1+. 21-1-2009- «Ցանկությունն այլ բան է, իրականությունը` այլ»,- կարծում է ԼՂՀ նախկին նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` չբացառելով, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ ԵԱՀԿ համանախագահները հստակ ակնկալիքներով են ժամանել Հայաստան: «Հայաստանը իսկապես բարդ վիճակում է, եւ համանախագահները, օգտվելով դրանից, կարող են ձգտել նոր պայմանավորվածությունների ԼՂ հարցում: Նրանց նոյեբերյան այցի ընթացքում կոշտ դիրքորոշումներ հնչեցին եւ խնդրի կարգավորումը նորից օդում կախվեց: Այդքանը բավարար էր, որ համանախագահները այս տարվա սկզբում նորից փորձեն աշխուժացնել գործընթացը»: Մանվել Սարգսյանը գտնում է, որ այսօր թե Հայաստանում, եւ թե Ադրբեջանում հասարակությունների վիճակն այնպիսին է, որ նախագահները պարզապես չեն կարող խոստումներ տալ համանախագահներին. «Իշխանությունները հասկացել են, որ դա այնքան էլ հեշտ չէ»: Քաղաքագետը կարծում է, որ այսօր ՀՀ իշխանությունները ԵԱՀԿ համանախագահներին ԼՂ հարցում ինչ-ինչ խոստումներ տալով կամ եվրոպական կառույցների հետ գործարքի գնալով` չեն կարող ամրապնդել իրենց իշխանությունը: Նա չի սպասում, որ ԼՂ հարցում առաջընթաց արձանագրվի առաջիկայում սպասվող Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւ հանդիպումից. «2008թ. վերջին ԼՂ հարցում խնդիրը հանգեց խաղարարար ուժերի տեղակայմանը եւ ակնհայտ դարձավ, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն լուրջ տարաձայնություններ ունեն այս հարցում: Ուժերի տեղակայման հարցը կախված է ոչ թե բանակցող կողմերից, այլ գերտերություններից»: Ինչ վերաբերում է հունվարի 27-ին ԵԽԽՎ նիստում հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելուն, ապա Մանվել Սարգսյանն ասաց. «Հնչած հայտարարություններից տպավորությունն այն է, որ համազեկուցողները Հայաստան կատարած այցի ընթացքում բարձրացրել են քաղբանտարկյալների վրայից Քր. օրենսգրքի 300 հոդվածը` իշխանությունը զավթելու մեղադրանքը հանելու պահանջ, որը իրավիճակ է փոխում: Այսինքն` քաղբանտարկյալների նկատմամբ մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական գործը փլուզվում է»: Իսկ այն, որ Երեւանում համազեկուցողները հանդիպեցին միայն իշխանության ներկայացուցիչների հետ, քաղաքագետի կարծիքով, վկայում է այն մասին, որ իրավիճակի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են: «Կարծում եմ, որ իշխանությունները տպավորություն կստեղծեն, որ պատրաստ են քաղբանտարակյալների վրայից հանել Քր. Օր 300 հոդվածը եւ դրա համար ժամանակ կխնդրեն եւ հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը կհետաձգվի»,-ասաց նա: Ընդհանրապես` քաղաքագետը գտնում է, որ անընդհատ տարբեր հարցերի հետաձգումը մեր իշխանությունների քաղաքականության հիմնական գիծն է. «Դա ընդհանրապես սխալ մոտեցում է, սակայն այս իշխանությունները որեւէ այլ միջոց, շանս չունեն: Եթե նրանք առանց մեղադրանքի մարդկանց են ձերբակալում, ապա ստիպված են մեղավոր էլ գտնել: Այսօր մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված գործերով դա հնարավոր չէ, եւ իշխանությունները անընդհատ սպասվում են իրավիճակի փոփոխության, սակայն հայտնի ճշմարտություն է, որքան բարձր են թռնում, այնքան ավելի ցավոտ են ընկնում եւ տվյալ դեպքում` իրենց հետեւից տանելով երկիրը»: Մանվել Սարգսյանը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ, այն կանդրադառնա մեր ներքաղաքական իրավիճակի վրա: «Վերջին 10 ամիսների ընթացքում ընդդիմությունը կարողացավ իշխանություններին պատասխանատվության կանչել: Իշխանությունների ամենամեծ սխալն այն է, որ մարդկանց դեմ գործ հարուցեց` առանց մեղադրանքներ ներկայացանելու: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առնվազն մարդկանց պետք է լուրջ մեղադրանք ներկայացներ ձերբակալելուց առաջ, իսկ հետո ասեր, որ մեղադրանքը չապացուցվեց: Իսկ երբ ի սկզբանե չեն ներկայացնում լուրջ մեղադրանք եւ ձերբակալում են, ապա հետագայում ապացուցում են, որ ճիշտ չեն: Եվ իշխանություններն ապացուցեցին, որ ճիշտ չեն»,-ասաց նա:

No comments: