Saturday, January 31, 2009

ՔՆՆԱՐԿՎԵԼ է ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ

A1+. 29-1-2009- Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Մուհամմեդ Էլ Բարադեի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը վերաբերող հարցեր: Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրենը բարձր է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը: Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մուհամմեդ Էլ Բարադեին` այս ուղղությամբ միջազգային նվիրատուների ջանքերի համակարգման եւ ցուցաբերած խորհրդատվական աջակցության համար: Սերժ Սարգսյանը Դավոսում հանդիպում է ունեցել նաեւ Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդայի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի նախագահին իրականացվող համատեղ ծրագրերի համար` դրանք գնահատելով արդյունավետ:: Այսօր Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ: Ուշ երեկոյան նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան մասնակցել է նաեւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից կազմակերպած ընդունելությանը:

No comments: