Saturday, January 24, 2009

Թուրքիայի վարչապետը բարկացրել է ԱՄՆ հրեական լոբբիին

Երեւան (Երկիր) – 23-1-2009- ԱՄՆ-ում գործող ամենաազդեցիկ հինգ հրեական հասարակական կազմակերպությունները համատեղ նամակով դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` իրենց անհանգստությունը հայտնելով Թուրքիայում վերջին շրջանում բարձրացող հակահրեական տրամադրությունների ալիքի առնչությամբ, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Հինգ ազդեցիկ հրեական կազմակերպությունները (American Jewish Committee, B'nai B'rith, Anti-Defamation League (ADL), Conference of Major American Jewish American Organizetions, Jewish Institute for National Security Affairs) Էրդողանին ուղղված նամակում իրենց անհանգստությունն են հայտնում Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված գործողության արդյունքում առաջ եկած հակահրեական տրամադրությունների կապակցությամբ եւ, ընդգծելով, որ Թուրքիայում բնակվող հրեաների վիճակը մտահոգիչ է, առանց կոնկրետ անուններ տալու քննադատում են թուրք պաշտոնատար անձանց:«Իսրայելի հյուպատոսության առջեւ հրեաների հասցեին հորդում են ատելության խոսքեր: Ստամբուլում ամենուրեք ցուցանակների վրա փակցվում են հակահրեական կոչեր: Նույնիսկ մի խանութի վրա փակցվել էր հետեւյալ բովանդակությամբ գրություն. «Խանութի տերը հրեա է. այստեղից առեւտուր մի արեք»: Թուրքիայում ապրող հրեաները մեր բարեկամներն են, որոնք գտնվում են սպառնալիքի տակ»,- նշվում է նամակում եւ ավելացվում, որ Թուրքիայում «ահագնացող հակահրեական տրամադրությունների եւ պաշտոնական շրջանակների` մթնոլորտը շիկացնող հայտարարությունների միջեւ կապ կա»:«Դեպքերի նման զարգացումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալե,- թուրքական «Միլիեթ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել են հրեական երկու կազմակերպությունների ղեկավարները:«Միլիեթ»-ը գրում է, որ Վաշինգտոնի քաղաքական կուլիսներում շրջանառվում են լուրեր, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն այս անգամ կանցնի Կոնգրեսում: «Տեսնես` տարիներ շարունակ Թուրքիային աջակցող հրեական լոբբին ինչ է անելու այս անգամ»,- գրում է թերթը:

No comments: