Wednesday, January 28, 2009

ՎԱՏԻԿԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԼԱՐՎՈՒՄ ԵՆ

«Առավոտ»- 27.1.2009- Հռոմի պապ, ազգությամբ գերմանացի Բենեդիկտոս 16-րդը չեղյալ է համարել իր նախորդի որոշումը՝ 4 «ավանդապաշտ» եկեղեցականներին բանադրելու մասին: Իսրայելի եւ հրեական համայնքների զայրույթը առաջացրեց այն, որ այդպիսով կաթոլիկ եկեղեցի է վերադարձել բրիտանացի եպիսկոպոս Ռիչարդ Վիլյամսոնը, որը հայտնի է իր հակասեմիտական հայացքներով: Մասնավորապես, Վիլյամսոնը կասկածներ ունի Հոլոքոստի մասշտաբների վերաբերյալ եւ չի հավատում, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ճամբարներում սպանվել է 6 միլիոն հրեա: «Այո, դա իմ կարծիքն է եւ ես համոզված եմ, որ գազային խցիկներ երբեք գոյություն չեն ունեցել»,- իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է եպիսկոպոսը: Վիլյամսոնը դա ապացուցում է տեխնիկական հաշվարկներով, պնդելով, որ նման բարձրության վառարաններ հնարավոր չէ կառուցել, ինչպես նաեւ՝ հնարավոր չէ դրանց դռները հերմետիկ փակել: «Հակասեմիտիզմը վատ է այն դեպքում, եթե այն գնում է ճշմարտության դեմ, բայց եթե գոյություն ունեն հավաստի փաստեր, այն չի կարող վատը լինել»,- հայտարարել է եպիսկոպոսը: Գերմանիայի հրեական համայնքը այդ առիթով դիմել է դատարան՝ հարցումով, թե կարո՞ղ է, արդյոք, եպիսկոպոս Վիլյամսոնը պատասխանատվության կանչվել, քանի որ Գերմանիայում Հոլոքոստի մերժումը համարվում է հանցագործություն: Իսկ Իսրայելը հասկացնել տվեց, որ Հռոմի պապի նման որոշումն էլ ավելի կսառեցնի առանց այդ էլ ոչ այնքան ջերմ հարաբերությունները այդ պետության եւ Վատիկանի միջեւ:

No comments: