Sunday, January 25, 2009

Թուրքիայում հերթական անգամ նշում են, որ հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունները փոխկապակցված են

hayInfo- 24-1-2009- Ինչպես հայտնի է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ հանդիպելու են Ստամբուլում՝ մասնակցելու Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմի հնգակողմ հանդիպմանը, որի նախաձեռնությունը, հիշեցնենք, պատկանում է Թուրքիային։ Այդ մասին հաղորդում է Tert.am Անդարդառնալով տվյալ թեմային՝ թուրքական Hurriyet պարբերականը նշում է, որ վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների մեջ լուրջ առաջընթաց է գրանցվել։ Թերթը մեջբերում է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերն այն ամսին, որ «մենք շատ մոտ ենք հարաբերությունների կարգավորմանը»։ Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը վերջերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է. «Ես կարող եմ համոզված ասել, որ մենք Հայաստանի հետ երբեք այսքան մոտ չենք եղել մեր հարաբերությունների վերջնական կարգավորմանը»։ Իսկ ահա թուրք դիվանագետներից մեկը, ում անունը չի նշվում, թերթին ասել է, որ, ի տարբերություն անցյալի, երկու երկրների պաշտոնյաների հանդիպումն անակնկալ չի լինի, քանի որ նրանք արդեն հաղորդակցվել են միմյանց հետ, սակայն հավելել է, որ Թուրքիան ներկա պահին Հայաստանի հետ հարաբերություններում չի ծրագրում «մեծ քայլ» կատարել։ Նա, այնուամենայնիվ, նշել է, որ առաջընթացը հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում դրականորեն կանդրադառնա թուրք–հայկական հարաբերությունների բարելավման վրա և հակառակը։

No comments: