Sunday, February 8, 2009

Ապրիլին Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված Ադանայի կոտորածի 100-ամյակին

/PanARMENIAN.Net/07.02.2009 - Ապրիլի 20-21-ին Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (AGMI) տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված Ադանայի կոտորածի 100-ամյակին: Ինչպես հաղորդել է թանգարանի մամլո ծառայությունը, խորհրդաժողովի ընթացքում կներկայացվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ մինչ այժմ անհայտ մնացած փաստեր: Խորհրդաժողովին կմասնակցեն պատմաբաններ Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու Շվեդիայից: «Ադանայի ջարդերի ու կոտորածի ուսումնասիրությունը մի շարք կարեւոր հարցեր է պարզաբանում, կապված ջարդերի պատճառների, կանոնավոր թուրքական բանակի մասնակցության, փոխհատուցման խնդիրների եւ այլ հարցերի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ապրիլի 1-14 Ադանայում տեղի ունեցած կոտորածի զոհ դարձան շուրջ 30 հազար հայեր: Տասնյակ հայկական բնակավայրեր ավերվեցին եւ հրի մատնվեցին: Հաճնի, Սիսի, Զեյթունի, Շեյխ-Մուրադի եւ այլ բնակավայրերի բնակիչները ինքնապաշտպանություն կազմակերպեցին, ինչը թույլ տվեց նրանց ետ մղել թուրք ջարդարարներին, ինչի շնորհիվ նրանք փրկվեցին լիակատար ոչնչացումից: Երիտթուքերի իշխանության հետաքննությունը ձեւական էր, ջարդի իսկական կազմակերպիչներն ու մեղավորները խուսափեցին պատժից: Ադանայի 1909 թ. կոտորածը սկիզ դրեց հայերի ոչնչացմանն ուղղված երիտթուրքերի լայնածավալ քաղաքականությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրան հաջորդած տարիներին:

No comments: