Wednesday, February 18, 2009

Իլհամ Ալիեւի հայտարարությունը սառն է ընդունվելՓետրվարի 16-ին Ադրբեջանի նախագահ

Իլհամ Ալիեւը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հունաստան: Նրան ընկերակցել է բազմամարդ մի պատվիրակություն, որի կազմում են արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, էներգետիկայի եւ տրանսպորտի նախարարները, ադրբեջանցի գործարարներ ու լրագրողներ: Նախագահները կեսժամանոց առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է հույն եւ ադրբեջանցի նախարարների ու պաշտոնատարների ընդլայնված նիստը: Այնուհետեւ արարողությունների պաշտոնական սրահում համաձայնագրեր են ստորագրվել հարկային դաշտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, օդանավային փոխադրումների վերաբերյալ:Այնուհետեւ երկու նախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը նշել է, որ քննարկումների ընթացքում արծարծվել են փոխհարաբերությունների զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր, խոսվել է Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին: Քննարկվել են Կովկասին, Բալկաններին եւ Միջին Արեւելքին առնչվող թեմաներ: «Հատուկ անդրադարձ կատարեցի կիպրական հարցին` շեշտելով, որ անհրաժեշտ է վերջ տալ եվրոպական երկրի մեծ մասը գրաված թուրքական բռնատիրությանը»,- ասել է Հունաստանի նախագահը: Իր խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կակտիվանան եւ կարձանագրվի առաջադիմություն: Նա խոսել է Եվրոպային ադրբեջանական գազը հասցնելու ջանքերի մասին, ապա անցում կատարել մեկ այլ թեմայի. «Մեր խոսակցության ընթացքում Հունաստանի նախագահի ուշադրությանը հանձնեցի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային բռնատիրության հարցը՝ փաստ, որը մեկ միլիոնի հասնող գաղթականական ալիք առաջացրեց երկրում: Այս հակամարտությունը լուծելու համար պետք է հարգվի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ միջազգային իրավական օրենքի հիմամբ: Հավատում եմ, որ եթե Հայաստանը հարգի այս սկզբունքը, հարցը կլուծվի»: Իլհամ Ալիեւը այսպիսով եզրափակել է հայտարարությունների իր բաժինը` անհաճո մթնոլորտ ստեղծելով հույն ներկաների ու լրագրողների շրջանում:

No comments: