Tuesday, February 24, 2009

A1+- 23-2-2009 - «ժողովրդին մատուցում են ոչ շատ խորը արվեստ` որպես թմրեցուցիչ. պետք չէ, որ ժողովուրդը մտածի ու խորանա, նրան մատուցում են մեկօրյա արվեստ, որը արվեստ էլ չի կարելի անվանել` զվարճանք, որ ժողովուրդը, ում հոգսերն այնքան շատ են, նայի անցողիկ բեմադրությունները եւ շատ պահանջ չունենա: Ղեկավարներին ձեռնտու է թմրած պահել ժողովրդին, որովհետեւ այդպիսի ժողովուրդը հեշտ է ղեկավարվում»,-«Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանի ժողովրդական դերասանուհի, մտավորական Վարդուհի Վարդերեսյանը: Նա ժողովրդին չի մեղադրում: «Ուզածդ մարդուն կարելի է թմրեցնել` թմրանյութ հրամցնելով, սրանք թմրացուցիչ հանգամանքներ են. մի կողմից ժողովուրդը սովորեց այս վիճակին, ինչ որ տալիս են` ուտում է, նրա քիմքը, ստամոքսն, ինչպես ասում են, այլեւս բարձրաճաշակ ուտելիք չի վերցնում: Բայց մեր ժողովուրդը շատ առեղծվածային է. այո, առերեւույթ նա խայծը ուտում է, բայց այդպես չէ, մեկ էլ տեսար` խորքից կարթնանա ազնիվ արյունը, դարերով եկած, ժառանգած այդ արյունը հանկարծ կպոռթկա, հանկարծակի կվերականգնվի, կշտկի իր մեջքը այնպես, որ մեզ կզարմացնի իր պոտենցիալով. դարերով կուտակված մեր ազնիվ արյունը միեւնույնն է հոսում է մեր երակներում: Սա ժամանակավոր բան է»,-նկատում է տիկին Վարդերեսյանը եւ մի քիչ թերահավատության երանգով ավելացնում`. «Երանի թե այդպես լինի»: « Իսկական մշակույթը մեռել է» Վերջին տարիներին մշակույթ հասկացությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում: Տիկին Վարդուհին համոզված է, որ այսօր կան մարդիկ, ովքեր մշակույթի պակաս չեն զգում, ապրում են հեռուստատեսությամբ, թեթեւ շոուներով, «աստղիկներով» եւ կարծում են, թե դա է մշակույթը. «Բայց դա չի իսկական մշակույթը: Իսկական մշակույթը դուրս է վանվել, այդ շոու կոչեցյալները, որ հայերեն կարելի է հանդես անվանել, ռաբիսը, թուրքախառը երաժշտությունը, դրանք են գրավել եթերն ու բեմերը, հիմա իսկական մշակույթ չկա` բառիս իսկական իմաստով: Չկա մշակույթ»: Իսկ գուցե մշակութային քաղաքականությո՞ւնն է սխալ տարվում` մեր հարցին` տիկին Վարդուհին պատասխանեց. «Ոչ մի ոլորտի ղեկավար ինքնուրույն գործելու իրավունք չունի, սա տոտալիտար պետություն է, որը պետք է ինքը թելադրի եւ մշակույթը, եւ ամեն ինչը: Ինքն է իր թաթը դնում ամեն ինչի վրա, մենք չենք կարող ունենալ մի մշակույթի նախարար, որը լինի ինքնուրույն եւ ասի, թե դուք մի խառնվեք, ես պետք է անեմ այն, ինչ ես եմ ուզում, անշուշտ` եթե ինքն ունի այդքան խելք ու կարողություն, նրան անմիջապես կազատեն պաշտոնից. այսօր նախարարը կախում ունի, որեւէ նախարար նախաձեռնություն չի կարող ցուցաբարել: Տեսեք, մարտի 1-ի դեպքերի առնչությամբ. դուք լսե՞լ եք, որ որեւէ պաշտոնյա ասի, թե մենք սխալ էինք, մենք պետք է այս մարդկանց ազատ արձակեինք, հակառակը խոսի, դեմ արտահայտվի. չկա այդպիսի մեկը. եթե նա չվախենա, որ վաղը իրեն պաշտոնից կհեռացնեն` կխոսի, չի լռի. գիտեք, որ չեն խոսում, ուրեմն համամի՞տ են: Ոչ: Շատ մեծ մասամբ համամիտ չեն մեր վիճակի հետ: Բայց ամեն մեկի կաշին իր մարմնին մոտ է, վախենում են խոսել, իսկ անվախ մարդիկ անշուշտ տուժվում են»: Ըստ նրա` այդպես միայն մշակույթի ասպարեզում չէ. «Ապա թող մի մարզպետ, կամ քաղաքապետ փորձի ինքնուրույն քայլեր անել ի օգուտ ժողովրդի, պետության, նոր մտահղացում իրականացնի. թույլ չեն տա. այսպես մարդը բթանում է, նա իր ֆանտազիան չի կարողանում ներդնել ի օգուտ ազգի: Իսկ մշակույթն ընդամենը մի օղակ է. ամենամեծ օղակը մեծի ձեռքում է, նա էլ իր վրա մեծ ունի.եւ այդ մեծն այնքան համարձակ պետք է լինի, ինչպես օրինակ Մակեդոնացին, որ իր կաշվից չվախենա»: «Մեր բոլոր ղեկավարները միջակություններ են, մեզանում չկան մակեդոնացիներ»,-ասաց նա: Լավատեսություն` առանց իրական հիմքի 2008 թվականի մարտի 1-ից հետո իրավիճակի փոփոխություն Վարդուհի Վարդերեսյանն ընդհանրապես չի նկատում. «Քանի հոգի բանտերում կային, այդքան էլ համարյա թե դեռ մնում են, 10 հոգու սպանությունը բացահայտված չէ. զգալի որեւէ բան չեղավ այս մեկ տարվա մեջ, որ ես հույս ունենամ, թե հետագայում էլ չի լինի նման բան: Չգիտեմ, բայց դեպի լավը գնալու որեւէ գրավական չունեմ: Թող գոնե երեքի սպանությունները`չերյոմուխայով, բացահայտեին, մենք էլ հանգստանայինք, ասեինք, ուրեմն բացահայտման կամք կա, թեկուզ դանդաղ, բայց բացահայտում են»: Տիկին Վարդուհին, այնուամենայնիվ, ուզում է հավատալ, որ մարտի 1-ը մեր երկրում չի կրկնվի.«Աստված մի արասցե: Բայց ես չեմ կարծում, թե այդպիսի բռնություններ լինեն, որովհետեւ ժողովուրդն էլ համբերություն ունի, կարծում եմ, որ այս անգամ ամեն ինչ խաղաղ կանցնի»:

No comments: