Tuesday, February 24, 2009

Թուրքիայի դեսպանը զգուշացնում է. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` ԱՄՆ «կփչացնի հարաբերություններն Անկարայի հետ»

/PanARMENIAN.Net/ 21.02.2009 - Ամերիկա-թուրքական հարաբերությունները կվատնան, եթե ԱՄՆ նոր վարչակազմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը` չհասկանալով, թե Վաշինգտոնի համար ինչ նշանակություն ունի Թուրքիան: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը: Նրա խոսքերով, թուրք ազգը պատրաստ է պայքարել ԱՄՆ վարչակազմի «հայերի հավակնությունների» դեմ: «Ես հուսով եմ, որ ամերիկյան նոր վարչակազմը կգիտակցի Թուրքիայի, այդ հարցի իմաստն ու կարեւորությունը թուրք բնակչության համար եւ այն վնասը, որ կարող է հասցնել 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը»,-լրագրողներին է հայտարարել դեսպանը Նյու Յորքում: Սենսոյը հիշեցրել է, որ 2007թ. նա ետ կանչվեց Անկարա որպես բողոքի նշան ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության քվեարկության դեմ: «Դա պատմության մեջ առաջին անգամ էր: Դա բողոքի նշան էր ամերիկյան քաղաքականության դեմ: Բոլորը հասկանում էին այդ խնդրի լրջությունը եւ ԱՄՆ-ն սխալ քայլ չկատարեց: Այժմ մենք կանգնած ենք նույն վտանգի առջեւ»,-ընդգծել է թուրք դիվանագետը: Նա նաեւ զգուշացրել է, որ Հայաստանն ու Թուրքիան պատմական հարցերը քննարկելու լավ շանս ունեն` հավելելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրավիրվել է «Քաղաքակրթությունների դաշինքի» հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլին Թուրքիայում, գրում է թուրքական «Հյուրիեթ Դեյլի նյուսը»:

No comments: