Wednesday, February 11, 2009

Լրագրողների պաշտպանության կոմիտե. «Ընտրություններից առաջ հայաստանյան մամուլի մեծ մասը գովաբանել է Սերժ Սարգսյանին»

«Ազատություն». 10-2-2009- Լրագրողների պաշտպանության կոմիտեն այսօր հրապարակել է «Մամուլի վրա հարձակումների մասին» 2008 թվականի զեկույցը, որի Հայաստանին վերաբերող բաժնում ասվում է, որ փետրվարի 19-ի «վիճահարույց ընտրություններին նախորդող, ինչպես նաեւ հաջորդող ժամանակաշրջանում լրագրողների վրա հարձակումների թիվն աճել է, իսկ լրատվամիջոցների համար բնորոշ է դարձել ինքնագրաքննությունը»: «Հանրապետության ավտորիտար նախագահ Ռոբերտ Քոչարյանը կեղծիքներով անցած քվեարկությունից հետո ընդդիմադիր ցուցարարներին լռեցնելու նպատակով արտակարգ դրություն է մտցրել եւ արգելափակել է անկախ մամուլի աշխատանքը, ինչը պետք է ապահովեր իշխանության փոխանցումը նրա հաջորդին՝ վարչապետ Սերժ Սարգսյանին», - ասված է զեկույցում: - «Իշխանությունների նպատակն էր հասնել այն բանին, որ մամուլը բարենպաստ դիրքից լուսաբանի Սարգսյանի քարոզարշավը: Փետրվարի 19-ի քվեարկությունից առաջ՝ հետեւելով «Հ1»-ի օրինակին, հանրային եւ մասնավոր մամուլի մեծ մասը գովաբանել է Սարգսյանին եւ քննադատել է ընդդիմության լիդեր, 1991-1998 թվականներին Հայաստանի առաջին ետխորհրդային նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Հայաստանի հանրային ռադիոն «դադարեցրել է ամերիկյան կառավարության ֆինանսավորմամբ գործող «Ազատություն» ռադիոկայանի վերահեռարձակումը». - «Միայն մայրաքաղաք Երեւանի եւ մի շարք քաղաքների բնակիչներին էր հասու տեղեկատվության այլընտրանքային այնպիսի միջոցը, ինչպիսին էր «Ա1+»-ի ինտերնետային կայքէջը»: Լրագրողների պաշտպանության կոմիտեի հրապարակած զեկույցում ասվում է, որ «Սերժ Սարգսյանը հաղթել է, սակայն համաեվրոպական իրավապաշտպան կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի դիտորդները փաստել են, որ խախտումներով են ուղեկցվել թե' բուն քվեարկությունը եւ թե' քվեների հաշվարկը». - «Երեւանի ընտրատեղամասերից մեկում՝ խախտումներն արձանագրելու փորձի ժամանակ բռնության են ենթարկվել եւ կողոպտվել երկու լրագրող՝ Հովսեփ Հովսեփյանը «Ա1+»-ից եւ Լուսինե Բարսեղյանը «Հայկական ժամանակ»-ից»: «Տեր-Պետրոսյանի տասնյակ հազարավոր աջակիցներ՝ խախտումների մասին հաղորդագրություններից վրդովված, Երեւանի կենտրոնում խաղաղ ցույցեր են կազմակերպել», - շարունակում են զեկույցի հեղինակները: - «Մեկ շաբաթ տեւած ցույցերից հետո նախագահ Քոչարյանը 20 օրով արտակարգ դրություն է հայտարարել` արգելելով բոլոր հանրահավաքներն ու անկախ լրատվության տարածումը: Տեր-Պետրոսյանը հայտնվել է փաստացի տնային կալանքի պայմաններում»: «Հարյուրավոր ոստիկաններ Երեւանի կենտրոնում ուժով ցրել են ցուցերը: Ձերբակալվել եւ ոստիկանության բաժանմունքերում են պահվել «Առավոտ»-ի եւ «Չորրորդ իշխանության» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, «Հայք»-ի լրագրող Արտակ Եղիազարյանը: Իրավապահները մեկ օր շրջափակված են պահել «Ա1+»-ի խմբագրատունը»: «Իշխանությունների կարգադրությամբ, «Ռադիո Երեւան»-ը, «Ռադիո Հայ»-ը եւ «Արձագանք»-ը դադարեցրել են «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի հեռարձակումը, CNN-ի եւ Euronews-ի ծրագրերը վերահեռարձակող «Արմնյուզ» հեռուստակայանը Հայաստանի զարգացումներին վերաբերող նյութերի ընթացքում գովազդ է ցուցադրել: Արգելափակվել է «Ա1+»-ի, «Ազատության», «Առավոտ»-ի, «Հայկական ժամանակ»-ի եւ YouTube ինտերնետային կայքերի աշխատանքը»: Լրագրողների պաշտպանության կոմիտեն զեկույցում նշում է, որ այդօրինակ պայմաններում անկախ լրագրությունը դարձել էր գրեթե անհնարին: Զեկույցի հեղինակները վկայակոչել են «Ազատություն» ռադիոկայանի Լոռվա մարզի թղթակից Կարինե Սիմոնյանին, ով խոսել է նման վիճակում աշխատելու բարդության մասին: «Ես փորձել եմ պարզապես խոսել մարդկանց հետ, ոչ պաշտոնական, սակայն նրանք մերժում էին` հասկանալ տալով, թե չեն ուզում հետագայում հալածվել իշխանությունների կողմից», - ասել է Կարինե Սիմոնանը: Զեկույցի հեղինակները նշում են, որ մարտի 13-ին նախագահ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր, որով լրագրողներին թույլ է տրվել վերսկսել աշխատանքը, սակայն ներքին զարգացումների մասին չհաղորդել «ակնհայտ կեղծ եւ ապակայունացնող տեղեկություններ»: «Մարտի 21-ին արտակարգ դրությունը վերացվել է, ինտերնետային կայքէջերի մեծ մասը վերականգնվել է, սակայն ոստիկանները շարունակել են հալածել ընդդիմության լիդերներին եւ ընդդիմության միջոցառումները լուսաբանող լրագրողներին: Գյումրիում տեղական իշխանությունները փակել էին քննադատական նյութեր հեռարձակող ԳԱԼԱ հեռուստակայանը»: «Ապրիլի 9-ին՝ հանրության համատարած դժգոհության պայմաններում, Սերժ Սարգսյանը ստանձնել է նախագահի լիազորությունները», - գրել են զեկույցի հեղինակները: Լրագրողների պաշտպանության կոմիտեի 2008-ի զեկույցում ասվում է, որ խիստ քաղաքականացված է մնում հեռարձակող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը, ինչը պայմանավորվում է այն հանգամանքով, որ «Հեռուստատեության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում [ՀՌԱՀ] ծառայում են իշխանամետ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներ»: «2002-ին ՀՌԱՀ-ը «Ա1+»-ին զրկել է հեռարձակման արտոնագրից եւ դրանից հետո ամեն անգամ մերժել է լիցենզիա ստանալու դիմումները: 2008-ի հուլիսին Ստրասբուրգում մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ ՀՌԱՀ-ը անհիմն է մերժել դիմումները եւ պարտավորեցրել է կառավարությանը 20 հազար եվրո հատուցում վճարել «Ա1+»-ին: Ի պատասխան կառավարությունը ձգձգել է հատուցման վճարումը եւ որոշել, որ թվայնացման համակարգի անցնելու պատճառաբանությամբ մինչեւ 2010-ը թվականը նոր լիցենզիաներ ընդանրապես չեն տրամադրվի»: «Իշխանություներն ի կատար են ածել այդ որոշումը, այդպես պատժելով քննադատական նյութեր պատրաստող լրաgրողներին, միnչդեռ չեն կարողանում պատժել լրաgրողների վրա հարձակումներ gործողներին», - նշված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցում: - «0գոստոսին բռնության է ենթարկվել եւ հիվանդանոց է տեղափոխվել «Հայկական ժամանակ»-ի թղթակից Լուսինե Բարսեղյանը: Նոյեմբերին նույն բանն է տեղի ունեցել հետաքննող լրագրող, «Հետք» էլեկտրոնային հանդեսի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ»: Արմեն Քոլոյան, Պրահա

No comments: