Wednesday, February 11, 2009

Վիկ Դարչինյանի փայլուն հաղթանակը

Վախթանգ Դարչինյանը կիրակի առավոտյան, 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Խորխե Արսեին, պահպանեց առաջին գերթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի իր տիտղոսը, տոնելով պրոֆեսիոնալ կարիերայում, թերեւս, իր ամենակարեւոր հաղթանակը: Մարտի պատասխանատու բժիշկը 12-րդ ռաունդն սկսվելուց առաջ բազմաթիվ վնասվածքներ ստացած եւ արնահոսող մեքսիկացուն արգելեց մարտը շարունակել: Մարզասերները, անկասկած, այդ մարտը դիտել են, դրա համար էլ մանրամասներին չենք անդրադառնում: Խորխե Արսեն շուրջ երեք տարի, երբ դեռ փառքի գագաթին էր, ամեն կերպ խուսանավում էր Վախթանգի նետած մարտահրավերներն ընդունելուց: Բայց, ի վերջո, համաձայնեց: Իսկ ինչո՞ւ այսքան ուշ: Հավանաբար, այն ժամանակ հասկանում էր, որ դեռ 30 տարին չբոլորած «Կատաղի Ցուլի» հետ ռինգում ճակատ տալ չի կարող: Իսկ հիմա, երբ Վախթանգը 33 տարեկան է, իսկ ինքը՝ դեռ 29-ը, գուցե հույսը դրել էր այն բանի վրա, որ տարիքն իր գործն արած կլինի եւ Վիկն արդեն 12 ռաունդ չի դիմանա: Սակայն փետրվարի 7-ը նրան ապացուցեց, որ իր հաշվարկները սխալ էին: Եվ, չնայած բազմաթիվ խոստումներին, միակ բանը, որ կարողացավ անել, այն էր, որ ի տարբերություն իր նախորդ հայրենակիցների, մարտը ռինգի հատակին չավարտեց, թեեւ դրան արդեն շատ մոտ էր կանգնած: Իսկ Վախթա՞նգը: Նա, պարզապես, փայլեց: Խորխե Արսեն, իրոք, Վիկի բոլոր մրցակիցներից բոլոր առումներով մեկ գլխով բարձր էր ու ամենավտանգավորը: Եվ պատահական չէ, որ մարտից առաջ մասնագետների մի ստվար բանակ չէր կողմնորոշվում, թե նախապատվությունն ո՞ւմ տա: Վիկը տիրապետում է հուժկու հարվածների: Արսեն՝ նույնպես: Վիկը մարտը վարում է միջին եւ հեռու տարածությունների վրա եւ հարվածներ շատ քիչ է ընդունում: Արսեն՝ հակառակը. գերադասում է մերձամարտը եւ հարվածների փոխանակումը, ինչն այդ օրը ցուցադրեց: Եվ քանի որ շատ դիմացկուն է, հաղթանակը հիմնականում իրենն է լինում: Այնպես որ, այդ օրը ամեն բան կախված էր լինելու նրանից, թե ո՞վ մրցակցին իր մարտաոճը կպարտադրի: Վախթանգը, որի մականունը «Կատաղի Ցուլ» է, Անահայմի ռինգում ներկայացավ նորովի եւ իր մականվանն ավելացրեց եւս մեկը՝ «Խելացի Ցուլ»: Նա ամբողջ մարտի ընթացքում «Մսագործ» Արսեին խելամտորեն տարավ իր ետեւից՝ մեթոդաբար քոթակելով: Իսկ ճանապարհի կեսից արդեն հարվածներ հասցնում էր ընտրությամբ, ասել է թե անում էր՝ ինչ ուզում էր: Արդեն այնպիսի տպավորություն էր, որ նույն «Մսագործը» վերջում ինքն էր վերածվել 52,163 կգ կշռող քյուֆթայի մսի: Մենամարտից հետո Մեքսիկացին հայտարարել է, թե առողջության հետ կապված խնդիրներ չունի եւ ընդամենը «սովորական ցավեր է զգում»: Սակայն բժիշկները նրան ուղարկել են հիվանդանոց, որովհետեւ մեքսիկացու ճնշումը կտրուկ տատանումներ էր տալիս, իսկ բռնցքամարտիկը դժգոհում էր գլխացավերից: Բարեբախտաբար, միայն դեմքի բացվածքներին կար դնելու անհրաժեշտություն է եղել ու Խորխե Արսեին հաջորդ օրը բաց են թողել: Կռվից հետո բռունցքներ չեն թափահարում Չնայած կրած ավելի քան համոզիչ պարտությանը, մեքսիկացին հայտարարել է, թե բժիշկը մարտը չպետք է դադարեցներ, որ ինքն ուժերը պահել էր վերջին ռաունդում Վիկին նոկաուտ անելու համար: «Չէի ցանկանա, որ մարտն այդպես ավարտվեր եւ կուզենայի ռեւանշ մրցամարտ անցկացնել»,- ասել է Արսեն: Վիկի հետագա ծրագրերը Վախթանգն արտասահմանյան լրատվամիջոցներին ասել է, որ մտադիր է հանդես գալ ավելի բարձր քաշային կարգում եւ ուժերը չափել ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ: Բայց դա պետք է անի աստիճանաբար: Եվ երբ պատրաստ լինի այդ մենամարտին, իրենք մեծ մրցամարտ կկազմակերպեն: Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: